Կաջակցեմ, որ Ակադեմիական երգչախմբի յութուբյան ալիք բացվի. Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև
- Mar 30
- 3 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, ներկա է գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։ Անվանակոչման նպատակն է արժևորել Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:
Նախքան անվանատախտակի բացումը կայացել է մաեստրո Չեքիջյանի փորձը երգչախմբի հետ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել մաեստրոյի և երգչախմբի գործունեության համար. «Հարգելի պարոն Չեքիջյան, հարգելի մաեստրո՝ իմ խոնարհումը Ձեր առաջ, Ձեր գործունեության առաջ։ Մենք շատ ենք խոսում արժեքների և արժեքահեն հասարակության մասին, և աներկբա է՝ այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է։ Եվ պատահական չէ ամենևին, որ Հայաստանի Հանրապետությունը, ի ճանաչումն այդ վաստակների, Ձեզ շնորհել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Միայն մի բանի համար եմ ցավում, որ մենք դեռևս չենք կարողանում գտնել այն բանաձևերը, որ այն ինչ որ Դուք ներկայացնում եք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց»։
Խոսելով արվեստի-մշակույթի և մարդու հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ չի պատկերացնում մշակույթ, արվեստ, որը մարդու համար չէ։ «Այդքան ասում ենք՝ բարեկեցություն, ի՞նչ է այդ բարեկեցությունը։ Ես չեմ պատկերացնում բարեկեցություն, երբ մարդը մշակույթին հասանելիություն չունի։ Ասում ենք՝ մարդը խմելու ջրին, սննդին հասանելիություն պետք է ունենա, բայց դա բարեկեցություն չէ, դա գոյատևման մակարդակ է։ Իմ ընկալմամբ՝ մարդը հասանելիություն ունի նաև մշակույթին, և ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնել, որ այդ հասանելիությունը Կառավարության քաղաքականությունների արդյունքում կապահովվի։
Ես առերեսվեցի վարչապետ լինելու օգուտների հետ, որովհետև մտածեցի, որ եթե վարչապետ չլինեի, հավանականությունը, որ նման էքսկլյուզիվ միջոցառման կմասնակցեի, առնվազն շատ մեծ չէ: Այսօրվա իմ ներկայությունն ինձ համար շատ կարևոր անձնական նվաճում է, որ ես այս փորձասենյակում ձեր և գործընկերների ներկայությամբ կարողացա հաղորդակցվել այս ամենի հետ»,- ասաց նա՝ Չեքիջյանի դիրիժորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մի շարք կատարումներ լսելուց հետո:
Փաշինյանը կարծիք հայտնեց, թե Չեքիջյանի գործունեությունը և ընդհանրապես երգչախմբի գործունեությունն իր համար շատ ուղիղ առարկայացումն է Նոր Կտակարանի երեք ծառայի մասին առակի, երբ տերը հեռանալուց առաջ նրանց գումար է և ասում՝ վերադարձիս ինձ հաշիվ կտաք, թե ինչ եք արել: Գովում է այն ծառային, որը գործի մեջ է դնում ու բազմապատկված վերադարձնում:
Ինձ համար ամենազարմանալին ձեր երգչախմբի գործունեության մեջ այն է, թե ինչպես է հնարավոր վերցնել արդեն իսկ գոյություն ունեցող, ըստ էության, հանրահայտ մշակութային գործերը և ստեղծել դրա հիման վրա լրիվ նոր գործ, որը բացառիկ է, էքսկլյուզիվ է: Դա իրոք զարմանալի է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հայտնի ստեղծագործությունները էքսկլյուզիվ են հնչում:
Փաշինյանը նաև նկատեց, որ երգչախմբի կատարումները հեշտ չէ գտնել Յութուբում, ապա նշեց, որ կհանձնարարի աշխատանքներ իրականացնել՝ յութուբյան հարթակում այն ավելի հասանելի դարձնելու համար:
«Քանի որ Հայաստանում Յութուբի մոնետիզացիան արդեն միացվել է, կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության և ԲՏԱ նախարարության գործընկերներին կհանձնարարեմ աջակցել, որպեսզի Ակադեմիական երգչախմբի յութուբյան ալիք բացվի, որպեսզի ավելի շատ հասանելի լինի մարդկանց, և երկրորդը՝ եկամուտ բերի»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, թե աներկբա է, որ այն արժեքը, որը ստեղծել է Հովհաննես Չեքիջյանը, վերջին հարյուրամյակի ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է:
«Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին, և չափազանց շնորհակալ եմ դրա համար»,- ասաց նա և խոնարհվեց Հովհաննես Չեքիջյանի առաջ:
Նշենք, որ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։ Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ: Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:



















