Ամալ Քլունին պատմել է, թե ինչպես է Ջորջ Քլունիի հետ ամուսնությունը փոխել իր կարիերան և կյանքը
- Jun 27
- 2 min read

Ամալ Քլունին առաջին անգամ մանրամասն խոսել է այն մասին, թե ինչպես են իր կարիերան և անձնական կյանքը փոխվել Հոլիվուդի ամենացանկալի ամուրիներից մեկի հետ ամուսնանալուց հետո։
Ջորջ Քլունիի հետ հանդիպելուց առաջ 48-ամյա Ամալն արդեն հաջողակ փաստաբան էր, որը մասնագիտացած էր միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում։ 2014 թվականին իրենց ամուսնությունից հետո նա շարունակեց իր աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ 2016 թվականին ամուսնու հետ համատեղ հիմնադրելով «Քլունիի արդարադատության հիմնադրամը»։ Սակայն նրա առօրյան կտրուկ փոխվեց, երբ զույգը 2017 թվականին ունեցավ երկվորյակներին՝ Ալեքսանդրին և Էլլային, որոնք այժմ 9 տարեկան են։
«Իմ աշխատանքն ու անձնական կյանքը նախկինում առանձին էին, լիովին տարբեր, և ես կարողանում էի դրանք առանձին պահել։ Բայց ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվեց»,-պատմել է Ամալը Բանգկոկում Cartier Dialogues միջոցառման ժամանակ իր ելույթի ընթացքում։ «Սկզբում ես շատ էի անհանգստանում իմ մասին հանրային միակողմանի ընկալման համար։ Մտածում էի. «Լավ, ես չեմ կարող այս զգեստը հագնել կամ սա անել, քանի որ երկուշաբթի օրը պետք է դատարանում լինեմ»»։
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը կարողացել է գտնել հավասարակշռություն և առաջնահերթություններ սահմանել։
«Վերջիվերջո, դա այնքան էլ կարևոր չէ, որքան պարզապես կյանքով ապրելը։ Եթե դու քո ոլորտում լավ մասնագետ ես, դա միևնույն է ակնհայտ կդառնա։ Ես թույլ չտվեցի, որ հրապարակայնությունը խանգարի իմ ընտանիքի և ամուսնուս հետ հարաբերությունների կարևորությանը։ Ավելի վաղ ինձ համար ավելի հեշտ էր, քանի որ կարողանում էի վերահսկել ուշադրության մակարդակը։ Բայց այստեղ ես պետք է սովորեի կողմնորոշվել նոր միջավայրում»,-ավելացրել է նա։
Իրենց հիմնադրամի միջոցով Ամալն ու Ջորջը իրավաբանական օգնություն են տրամադրում Աֆրիկայի և աշխարհի զարգացող երկրների աղջիկներին և կանանց։ Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում Մալավիին, որտեղ, ըստ Ամալի, 15 տարեկանից փոքր յուրաքանչյուր տասը աղջկանից մեկը ստիպված է ամուսնանալ, չնայած այն հանգամանքին, որ ամբողջ երկրում կա ընդամենը 800 փաստաբան։
Ամալը նախկինում պարբերաբար թռչում էր մոլորակի ամենավտանգավոր վայրերը աշխատանքի համար, բայց երեխաների ծնվելուց հետո զույգը ստիպված է եղել չափավորել իրենց ոգևորությունը։ «Դուք այլևս չեք կարող նույն ռիսկին դիմել»,-ավելի վաղ նշել էր Ջորջ Քլունին,-«Ես և Ամալը, երկուսս էլ, ստիպված էինք վերանայել մեր նպատակները և ճանապարհորդության վայրերը։ Ես նախկինում վայելում էի վտանգավոր վայրերում լինելը։ Ես սիրում էի ճանապարհորդել դեպի Նուբա լեռներ, Դարֆուր, Աբյեյ՝ ուղիղ պատերազմական գոտիներ։ Դա ադրենալինի հզոր ալիք էր»։
Ամալը նույնքան ծայրահեղ փորձառություն է ունեցել։ «Ամալը երկու տարի ապրել է Բեյրութի բունկերում՝ դատական գործընթացներ վարելով։ Բայց հենց որ մենք երեխաներ ունեցանք, մենք գիտակցված որոշում կայացրինք այլևս այդ ռիսկերը չձեռնարկել։ Մենք ստիպված էինք փոխել խաղի կանոնները»,-եզրափակել է դերասանը։



















