Իրավաբանությունը կարելի է համարել ավարտված ՔԿ-ում. Մարինե Ֆարմանյան
- Arnold Gevorgyan
- 2 hours ago
- 1 min read

«Հոգևոր խորհրդի անդամների դեմ վարույթի նախաձեռնմամբ իրավաբանությունը կարելի է համարել ավարտված ՔԿ-ում, հակասահմանադրական, ապօրինի, ամբողջովին անտրամաբանական պրոցես է, պետության ուղիղ միջամտություն է եկեղեցու գործերին»,-ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը, որը ներկայացնումէ Վահան Սրբազանի շահերը։
Նա ընդգծեց, դատական ակտը, որի իրականացմանը խոչընդոտելու համար վարույթ է հարուցվել Սրբազանների նկատմամաբ, իրավական պետությունում գոյություն ունենալ չէր կարող, ուր մնաց դրա չկատարման համար վարույթ նախաձեռնվեր։
«Եվ բարդ, և պարզ կերպով մեր հասարակությանը բացատրել ենք, որ ներկայիս իրավապահ մարմինների գործունեությունը ուղիղ քաղաքական ռեպրեսիաների իրագործում է, արշավ է Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցու և նրա ներքին կանոնակարգի դեմ։ Սա առաջին դեպքն է, որևէ փաստաբան, որևէ մեկը չի կարող ասել, հաստատել, որ դատարանը միջամտել է եկեղեցու ներքին գործերին ու ինչ-որ կանոնակարգերին վերաբերող ակտեր է կայացրել»,-ասաց նա։
Հարցին, հնարավո՞ր է, որ Վեհափառ Հայրապետին էլ որպես մեղադրյալ հրավիրեն ՔԿ, Ֆարմանյանն ասաց.
«Ես մի բան գիտեմ, որ Վեհափառ Հայրապետն անձեռնմխելի է։ Այս ողջ գործընթացն ապօրինի է, սա արկածախնդրություն է՝ ուղղված պետության անվտանգության դեմ»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ այս ամենի նպատակը եպիսկոպոսաց ժողովի խափանումն է։
Նա ողբալի է համարում այս իրավիճակը, երբ նման ապօրինի գործիքներ են օգտագործվում եկեղեցու դեմ։ Նա ասաց՝ խղճում է սա իրականացնողներին, քանի որ հոգեպես վատ վիճակում են նրանք։
«Ես իրականում խղճում եմ այս գործողությունները կատարող պաշտոնատար անձանց, իրենք հոգեպես շատ վատ վիճակում են»,-ասաց փաստաբանը։



















