Գիտնականները հայտնաբերել են բնական «արգելակ», որն ընդունակ է կանգնեցնել վնասակար բորբոքումը

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտողները հայտնաբերել են կարևոր մեխանիզմ, որն օգնում է օրգանիզմին ճնշել բորբոքումը։ Սա բեկումնային հայտնագործություն է, որը կարող է հանգեցնել միլիոնավոր մարդկանց ախտահարող քրոնիկ հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակմանը:
Բորբոքումն օրգանիզմի առաջին պաշտպանական գիծն է վարակների և վնասվածքների դեմ, սակայն եթե այն պատշաճ կերպով չի դադարում, կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, ինչպիսիք են հոդաբորբը, սրտի հիվանդությունները և շաքարային դիաբետը: Մինչ այժմ գիտնականները լիովին չէին հասկանում, թե ինչպես է օրգանիզմը որոշում դադարեցնել «պայքարի» իմունային պատասխանը և սկսել ապաքինման գործընթացը:
Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ ճարպային հյուսվածքից առաջացող փոքրիկ մոլեկուլները, որոնք կոչվում են էպօքսի-օքսիլիպիններ, գործում են որպես իմունային համակարգի բնական արգելակներ: Այս մոլեկուլները կանխում են որոշակի իմունային բջիջների՝ միջանկյալ մոնոցիտների չափից ավելի աճը, որոնք կարող են առաջացնել հյուսվածքների վնասման և հիվանդությունների զարգացման հետ կապված քրոնիկ բորբոքում։
Հետազոտության շրջանակում առողջ կամավորների նախաբազկին ներարկել են ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ սպանված E. coli բակտերիաներ, ինչն առաջացրել է կարճատև բորբոքային ռեակցիա՝ ցավ, կարմրություն, ջերմության բարձրացում և այտուց։ Սա նման է այն վիճակին, որն առաջանում է վարակից կամ վնասվածքից հետո: Գիտնականները կամավորներին բաժանել են երկու խմբի՝ կանխարգելիչ և թերապևտիկ:
Տարբեր ժամանակահատվածներում կամավորների խմբերին տվել են GSK2256294 դեղամիջոցը, որն արգելափակում է լուծվող էպօքսիդհիդրոլազ (sEH) ֆերմենտը։ Վերջինս բնական ճանապարհով քայքայում է էպօքսիլիպինները:
Կանխարգելիչ խումբ. մասնակիցները դեղամիջոցը ստացել են բորբոքումը սկսվելուց երկու ժամ առաջ՝ պարզելու համար, թե արդյոք էպօքսի-օքսիլիպինների մակարդակի վաղաժամ բարձրացումը կարող է կանխել իմունային համակարգի վնասակար փոփոխությունները, հայտնում է Planet Today-ը։ Այս խմբում եղել է 24 կամավոր. 12-ը ստացել է բուժում, 12-ը՝ պլացեբո:
Թերապևտիկ խումբ. մասնակիցները դեղամիջոցը ստացել են բորբոքումը սկսվելուց չորս ժամ անց, ինչը նմանակում էր իրական բուժումը՝ ախտանշանների հայտնվելուց հետո: Այս խմբում նույնպես եղել է 24 կամավոր. 12-ը ստացել է բուժում, 12-ը՝ պլացեբո:
Երկու մոտեցումն էլ ցույց են տվել, որ sEH ֆերմենտի արգելափակումը բարձրացնում է էպօքսի-օքսիլիպինների մակարդակը, արագացնում է ցավի մեղմացումը և կտրուկ նվազեցնում արյան ու հյուսվածքների մեջ միջանկյալ մոնոցիտների քանակը։ Հետաքրքիր է, որ դեղամիջոցը էական ազդեցություն չի ունեցել արտաքին ախտանշանների վրա, ինչպիսիք են կարմրությունը և այտուցը:
Հետագա հետազոտությունները պարզել են, որ էպօքսի-օքսիլիպիններից մեկը՝ 12,13-EpOME-ն, ճնշում է p38 MAPK սպիտակուցային ազդանշանային ուղին, որը գործի է դնում մոնոցիտների տրանսֆորմացիան: Սա հաստատվել է լաբորատոր փորձերով և p38-ը արգելափակող դեղամիջոց ստացած կամավորների հետազոտությամբ:
Ըստ հետազոտության համահեղինակ Օլիվիա Բրաքենի, արդյունքները բացահայտում են բնական մեխանիզմ, որը սահմանափակում է վնասակար իմունային բջիջների բազմացումը և օգնում է ավելի արագ հանգստացնել բորբոքումը։ Այս մեխանիզմի վրա ազդելը կարող է հանգեցնել ավելի անվտանգ բուժման մեթոդների ստեղծմանը, որոնք կվերականգնեն իմունային հավասարակշռությունը՝ առանց ընդհանուր իմունիտետը ճնշելու։ Հաշվի առնելով, որ քրոնիկ բորբոքումը համարվում է համաշխարհային առողջապահական գլխավոր սպառնալիքներից մեկը՝ այս բացահայտումը խոստումնալից հնարավորություններ է ստեղծում նոր բուժումների մշակման համար:
Ըստ հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Դերեկ Գիլրոյի, սա առաջին հետազոտությունն է, որտեղ քարտեզագրվում է էպօքսի-օքսիլիպինների ակտիվությունը մարդու մոտ բորբոքման ժամանակ։ Ավելացնելով այս պաշտպանիչ ճարպային մոլեկուլների քանակը՝ հնարավոր կլինի մշակել քրոնիկ բորբոքմամբ պայմանավորված հիվանդությունների բուժման ավելի անվտանգ մեթոդներ։ Սա ամբողջությամբ մարդկանց մասնակցությամբ իրականացված հետազոտություն էր և անմիջական կապ ուներ աուտոիմունային հիվանդությունների հետ, քանի որ օգտագործվել է մարդկանց համար արդեն իսկ թույլատրելի դեղամիջոց։ Այն կարող է վերափոխվել քրոնիկ բորբոքային հիվանդությունների սրացումների բուժման համար, մի ոլորտ, որտեղ ներկայումս բացակայում են արդյունավետ մեթոդները:
Գիտնականները որոշել են ուսումնասիրել էպօքսի-օքսիլիպինները, քանի որ կենդանիների վրա կատարված հետազոտություններից հայտնի էր, որ ճարպերի այս ածանցյալները նվազեցնում են բորբոքումն ու ցավը, սակայն մարդու օրգանիզմում դրանց դերը մնում էր անհայտ։ Ի տարբերություն լավ ուսումնասիրված բորբոքային միջնորդանյութերի, ինչպիսիք են հիստամինը և ցիտոկինները, էպօքսի-օքսիլիպինները քիչ ուսումնասիրված մեխանիզմի մաս են կազմում, որը կարող է բնական ճանապարհով հանգստացնել իմունային համակարգը:
Այս բացահայտումը ճանապարհ է հարթում sEH ինհիբիտորների կլինիկական փորձարկումների համար՝ որպես ռևմատոիդ արթրիտի և սիրտ-անոթային հիվանդությունների պոտենցիալ բուժում։
Ըստ Բրաքենի, ռևմատոիդ արթրիտը հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է հոդերը պատող բջիջների վրա։ sEH ինհիբիտորները կարելի է փորձարկել գոյություն ունեցող դեղամիջոցների հետ համակցված՝ պարզելու համար, թե արդյոք դրանք կարող են օգնել կանխել կամ դանդաղեցնել հոդերի վնասումը:
Ըստ Arthritis UK կազմակերպության հետազոտական բաժնի ղեկավար Քերոլայն Էյլոթի, արթրիտի դեպքում ցավը կարող է ազդել մարդու շարժվելու, մտածելու, քնի և ինքնազգացողության, ինչպես նաև մտերիմների հետ ժամանակ անցկացնելու ունակության վրա։ Ցավը չափազանց բարդ է և կախված է բազմաթիվ գործոններից, իսկ յուրաքանչյուր մարդու մոտ այն անհատական է: Կարևոր է ներդրումներ կատարել նման հետազոտություններում, որոնք օգնում են հասկանալ, թե ինչն է առաջացնում և ազդում մարդկանց կողմից ցավի ընկալման վրա։ Կազմակերպությունում ուրախ են տեսնել այս հետազոտության արդյունքները, որոնք բացահայտել են բորբոքումն ու ցավը կանգնեցնող բնական գործընթաց։ Սա ապագայում կարող է հանգեցնել ցավազրկման նոր տարբերակների ստեղծմանը արթրիտով տառապող մարդկանց համար:



















