top of page

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խնդրել է ՖԻՖԱ-ին անվավեր ճանաչել ակումբի հետ իր պայմանագիրը

  • 2 minutes ago
  • 1 min read


Անգլիական «Քրիստալ Փելասի» 29-ամյա հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան վիճարկում է ակումբի հետ գործող պայմանագրի վերջին տարվա վավերականությունը։ BBC-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն դիմել է ՖԻՖԱ՝ պահանջելով անվավեր ճանաչել լոնդոնյան ակումբի հետ համաձայնագրի վերջին 10 ամիսները։

Այս արմատական քայլին դիմելու հիմնական շարժառիթը ազատ գործակալի կարգավիճակ ստանալն է, ինչը թույլ կտա հարձակվողին շրջանցել տրանսֆերային խոչընդոտներն ու շատ ավելի հեշտությամբ տեղափոխվել իր նախընտրած ակումբ։

Մատետայի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Ֆուտբոլիստը գերմանական «Մայնցից» «Քրիստալ Փելաս» է տեղափոխվել 2021 թվականին՝ սկզբում վարձավճարի հիմունքներով։ 2022 թվականի հունվարին լոնդոնցիները գնեցին նրա տրանսֆերը՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ 2024 թվականին ակումբն ակտիվացրել է այդ տարբերակը, սակայն ֆրանսիացին պնդում է, որ հավելյալ տարին պետք է իրավաբանորեն անվավեր համարվի։

Նրա գործն արդեն քննվել է Պրեմիեր լիգայի անկախ տրիբունալի կողմից, սակայն պայմանագիրը մնացել է ուժի մեջ։ Դրանից հետո Մատետան բողոքարկել է ՖԻՖԱ, սակայն կառույցն այս շաբաթ որոշում է կայացրել, որ տվյալ հարցն իր իրավասությունների շրջանակից դուրս է։

Նշենք, որ Մատետան «արծիվների» կազմում դարձել է 67 գոլի հեղինակ՝ թիմի հետ նվաճելով Անգլիայի գավաթն ու Կոնֆերենցիաների լիգան։ Դեռևս այս տարվա հունվարին նա ցանկանում էր հեռանալ լոնդոնյան ակումբից և շատ մոտ էր իտալական «Միլան» տեղափոխվելուն, սակայն գործարքը տապալվեց ծնկի վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք նաև, որ հարձակվողը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի նախորդ առաջնությանը։

 
 
1/2289
bottom of page