top of page

Ո՞նց կարող է «չհանցագործության» մասին պատմելը դառնա հանցագործություն. Միքայել Սրբազանի պաշտպան

  • 4 days ago
  • 2 min read


Վերաքննիչ քրեական դատարանում  շարունակվեց Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չեն հասկացել, թե որն է Սրբազանին առաջադրված մեղադրանքում կոչը։

«Միքայել Սրբազանին մեղադրում են, որ կոչ է արել։ Ո՞րն է կոչը»,- ասաց պաշտպանը։ 

Երեմ Սարգյանը նշեց, որ Միքայել Սրբազանը տարբեր տարիներին տված հարցազրույցներում կարծիք է հայտնել. «Հարցազրույցերից մեկում նա պատմել է, որ վերջին 6 տարիներին բազմիցս ասել է, որ ռազմական հեղաշրջում է պետք, որ նա ասել է  պատերազմի օրերին, նաև նախկին նախագահների Քոչարյանին և Սարգսյանին։ Այն, որ նախկինում, նաև 2020 թվականին պատերազմի ժամանակ Միքայել Սրբազանը խոսել է ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին, այդ մասին հայտնել է նախկին նախագահներին, դատախազությունն ու քննչական մարմինը իրավացիորեն չեն համարել հանցագործություն մինչև «Գալա TV»-ի 2024 տեսագրությունը, երբ Միքայել Սրբազանը պատմել է՝ նախկին տարիներին նման միտք էր արտահայել։ Մինչև 2024 թվականը ոչ մեկ սա հանցագործություն չէր համարել։ 

2023 թվականին նույնաբնույթ ձևակերպումներով հարցազրույցում հանցագործության հատկանիշներ չէին գտել, վարույթ չէր հարուցվել։ Հարց է ծագում՝ եթե պատմում է  մի բանի մասին, որը հանցագործություն չէ, ո՞նց կարող է այդ չհանցագործության մասին պատմելը հիմա դառնա հանցագործություն»,- ասաց պաշտպանը։ 

Ըստ մեղադրական եզրակացության. «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2025 թ. հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել էր։ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։  Նա 2025 թ. հոկտեմբերի 3-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։

 
 
bottom of page