ՀՈՎԻԿԻՆ ՏՐԻԲՈՒՆԱ՞Լ, ԻՆՉՈ՞Ւ
- Armen Sukiasyan
- Oct 30, 2024
- 3 min read

Ասում են` ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական վարույթ են սկսել ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների հիմքով: Թե բա՝ կարող ա կոռուպցիոն սկանդալ սկսվի, եւ ԱԺ պատգամավորներից մեկին բռնեն: Իբր էս ԱԺ պատգամավորը երկու անգամ զանգել ա Քյարամյանին, մարդ ա մեջ գցել, որ իր որդու հետ կապված քրեական գործը ջրեն: Քյարամյան դու Քյարամյան, սա էլ վեր ա կացել ու ԱԺ-ում այս մասին հայտարարել՝ չիմանալով, որ այդ պատգամավորը ՔՊ-ական է: Ջահելի խելք, էլի, դատախազությանը դրել է անհարմար վիճակի մեջ: Ոչ այն է՝ գործ հարուցեր, ոչ այն է՝ չհարուցեր, բայց որ լուրն արդեն ընկել էր Նիկոլի ականջը, որոշեց հարուցել: Այսպես են ասում:
Ցավոք սրտի, ԱԺ-ում Քոչարյան Անդոյի կազմակերպած լսումներին ես չկայի՝ միայն հեռուստացույցով էի հետեւում իրադարձությունների ընթացքին: Դեպքն էլ հենց այդ լսումների ժամանակ տեղի ունեցավ: Սկզբում ամեն ինչ հանդարտ էր, եւ չէր կարելի նույնիսկ ենթադրել, որ շուտով փոթորիկ է սկսվելու: Նախագահությունում Քոչարյան Անդոն էր նստած, կողքին՝ աղջիկ դատախազը, իսկ սակավամարդ դահլիճի առաջին շարքերը զբաղեցրել էին ուժային կառույցների ղեկավարներն ու Հովիկ Աղազարյանը: Լսումներն ամբողջությամբ չպատմելու համար ուղղակի ասեմ, որ Արգիշտի Քյարամյանի ելույթի (հաշվետվության) պահին դահլիճից ռեպլիկ բաց թողեցին ու… կաշը գնաց: Հաջորդիվ մենք տեսանք, որ Արգիշտի Քյարամյանը կռիվ է անում իր կողքին նստած Հովիկ Աղազարյանի հետ՝ «-արա, -արան դու ես» ֆորմատով: Քոչարյան Անդոն էլ հո շիրա չէր տալիս, հո շիրա չէր տալիս: Աղջիկ դատախազը, սաստիկ շփոթված, մե՛կ կռվողներին էր նայում, մե՛կ կողքին նստած Քոչարյան Անդոյին ու չգիտեր ում կողմը բռնի: Կարող էր, իհարկե, միջամտել, բայց Հայաստանում, ավաղ, բոլորն էլ գիտեն, որ երբ տղամարդիկ կռվում են, աղջկա խոսքն «ասնավանի» չէ: Միով բանիվ՝ Քյարամյանն ու Աղազարյանը հանրության աչքի առաջ միմյանց մի լաաաա՜վ մերկացրին ու գնացին տներով: Բայց օդում ինչ-որ ծանր բան մնաց՝ ի՞նչ է լինելու սրա վերջը:
Լսումների հաջորդ օրերին Քյարամյանը լուռ էր: Փոխարենը՝ Հովիկ Աղազարյանը հակասական հարցազրույցների պակաս չուներ: Մի տեղ քլնգում էր ՔԿ-ին ու Քյարամյանին, մի տեղ մեղա գալիս նրա առաջ, մի անգամ էլ նույնիսկ ՊԵԿ նախագահի անունը տվեց՝ որպես Քյարամյանի հանցակցի: Ամեն ինչից հասկացվում էր, որ ՔԿ-ն՝ ի դեմս Քյարամյանի, «փիս» է կպել ՔՊ-ին՝ ի դեմս Հովիկի, ու ՔՊ-ն՝ ի դեմս Հովիկի, չի կարողանում ոչ այն է՝ հանգստանալ, ոչ այն է՝ ավելի ըմբոստանալ: Քաղաքական շրջանակներում սրան ասում են՝ ք.քը ելել էր ջրի երես: Բոլորն էլ հասկանում էին, որ վերջին խոսքը Նիկոլը պետք է ասի, բայց Նիկոլի համար սա, ըստ երեւույթին, անակնկալ էր: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ պետք է ասեր Նիկոլը. ոչ մեկի կողմը բռնել չէր կարող՝ ՔԿ-ն էլ, ՔՊ-ն էլ իրենն են: Եվ երբ Նիկոլը վերջապես եկավ ԱԺ հարցուպատասխանի, ընդդիմությունը նրանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մինչ այժմ գործ չկա հարուցված Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների հիմքով, եւ ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանը դահլիճում: Իրավիճակը կրկին լարվեց՝ ի՞նչ կասի Նիկոլը…
Մարդիկ կան, որ երբ քայլելով մոտենում են ամբիոնին, քեզ թվում է, թե ազնվություն, ճշմարտախոսություն ու անհերքելիություն են ճառագում: Այդպես Նիկոլը, երբ լնգլնգալեն մոտենում է ամբիոնին, բայց բավական է բերանը բացի, եւ լավ տպավորությունն իսկույն փչանում է: Եկավ, մի կեսբերան պաշտպանեց Հովիկ Աղազարյանին, թե իսկ ինչո՞ւ Հովիկը դահլիճում պիտի չլինի, ապա մի երկու քար նետեց ընդդիմության եւ «կոռումպացված» նախկինների բոստանը եւ անցավ իր ստեղծած իրավական համակարգի գովաբանությանը: Սպասումները չարդարացան, մեղավորն էլ չորոշվեց, կարծես:
Եվ ահա, երեկ իմացա, որ Գլխավոր դատախազությունը վարույթ է հարուցել, եւ մենք շուտով ականատես կլինենք Արգիշտի Քյարամյանն ընդդեմ Հովիկ Աղազարյանի, այն է՝ ՔԿ-ն ընդդեմ ՔՊ-ի գործով քննությանը: Ուժայինների հաղթանակն այս մրցավեճում, թվում է, կասկած չի հարուցում, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Չմոռանանք, որ Հովիկ Աղազարյանին ժողովուրդն է ընտրել, իսկ Արգիշտի Քյարամյանին՝ եսիմ ով: Ասում են՝ Նիկոլի մարդն ա, բայց ես չեմ հավատում: Նիկոլն իսկի մի արդարադատության նախարար չի կարողանում նշանակել, ուր մնաց պատգամավորների սարսափ Արգիշտի Քյարամյան նշանակի: Ինչեւէ, ուժայինները Քյարամյանի կողմն են, եւ Հովիկ Աղազարյանին ընտրած ժողովուրդը լուրջ անելիք ունի առաջիկայում: Այստեղ կարեւոր է նաեւ գյուղական ինտելիգենցիայի պահվածքը: Ես, օրինակ, մի շատ լավ արձակագիր ընկեր ունեմ, որ «Հրապարակին» տված իր հարցազրույցում կրծքով պաշտպանել էր Հովիկ Աղազարյանին, նշելով՝ բա ամոթ չարե՞ց էդ Քյարամյանը, ջահել տղա է, գոնե կարող էր Հովիկ Աղազարյանի տարիքը հարգել: Եթե ժողովրդին եւ ինտելիգենցիային էլ մի կողմ դնենք, Հովիկ Աղազարյանը մի բան ունի, որ Արգիշտի Քյարամյանը չունի: Խոսքը կուսակցության մասին է: Հապա ասեք ՔՊ ու պատկերացրեք՝ ինչ կարող է գալ Արգիշտի Քյարամյանի գլխին: Այնտեղ Արփի Դավոյան կա, Լուլու կա, քացի տվող կա, ականջ կտրող, կոկորդ կրծող: Բոլորը հո Քոչարյան Անդո չե՞ն, որ օրը ցերեկով իրենց ընկերոջն «ուժայինների ձեռը տան»՝ որպես «բագաժ»:
Ինչ վերաբերում է իմ անելիքին, ապա ես՝ որպես շարքային ընդդիմադիր լրագրող, ամբողջությամբ Հովիկ Աղազարյանի կողմից եմ եւ համարում եմ, որ նա քաղաքական հետապնդման զոհ է: Ես իմ պարտականությունն եմ համարում մասնակցել ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի ցույցերին եւ անգամ ելույթ ունենալ, եթե ինձ բարձրախոս տրամադրեն: Կասեմ՝ Հովիկ Աղազարյանը, ինչ է, մեջների «կյա՞ժն» էր (մեղա, մեղա), որ հենց նրա դեմ շուռ տվեցիք այս ամբողջ գործը: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, սա լավ էլ Նիկոլի սարքածն է, Նիկոլի եւ Քոչարյան Անդոյի համատեղ դավադրությունը՝ «թավշյա էլիտան» ոչ զտարյուն ՔՊ-շնիկներից մաքրելու նպատակով: Ապա կդիմեմ Հովիկ Աղազարյանին՝ պարոն Աղազարյան, հանկարծ չլռես: Հարցաքննությունների եւ դատավարության ժամանակ կպատմես բոլորը, ինչ գիտես ուժային կառույցների եւ Նիկոլ Փաշինյանի սերտ կապի մասին, չլռես, քո ուժը քո խոսելն է, ժողովուրդն ու նրա ընտրած ՔՊ-ն քեզ հետ են, չվախենաս, դու արդեն հաղթել ես:



















