top of page

Սիմոնյանն ու ՄԹ դեսպանը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատով ԼՂ հարցի տևական լուծումը

Nov 20, 2022
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:


ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում:


ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը և ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած և վավերացրած պետություն:


Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը:


Կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:

 
 
1/2388
bottom of page