Դավիթ Մինասյանի տեսակցությունների վերաբերյալ քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև դատախազը
- 5 hours ago
- 1 min read

Մինչ հասարակական գործիչները, քաղաքացիները խաղաղ ակցիա էին իրականացնում գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին ազատ արձակել կալանքից, փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է.
«Քիչ առաջ մեր գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ «Ծաղկազարդի գործով» մեղադրյալ 18-ամյա Դավիթին կալանավորելու, նրա տեսակցությունները լրիվ փակելու մասին քննիչի միջնորդությունն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ բավարարող դատական ակտի դեմ բողոք է բերել նաև … հսկող դատախազը։
Ո՛չ, չմտածեք, թե հօգուտ Դավիթի է բողոքը - ո՛չ, ի վնաս է։
Ուշոտ ժամանակ կգտնեմ ու կընթերցեմ բողոքը - որ հասկանամ, թե է՞լ ինչ են ուզում Սբ.Պատարագին մասնակցելու համար Եկեղեցի այցելած ու այնտեղ «շառի» մեջ հայտնված տղայից»։
Հիշեցնենք, որ 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանը կալանավորվեց Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին։ Նա Սուրբ Աննա եկեղեցում ներկա էր պատարագին, երբ Փաշինյանն իր շքախմբով ներս մտավ, ու հավատացյալներին աղոթքի պահին սկսեցին այս ու այն կողմ հրել։ Դրա արդյունքում տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ ու Միքայել Մինասյաններին ձերբակալեցին, ավելի ուշ Դավիթի եղբորն ազատ արձակեցին, իսկ Դավիթին կալանավորեցին երկու ամսով։ Նախ «Արմավիր», ապա «Աբովյան» ՔԿՀ տեղափոխելիս Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր, գիտակցության կորուստներ էր ունեցել, այս պահին նա գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։
Այս պահին արգելված են բոլոր տեսակի տեսակցությունները, Դավիթի հետ տեսակցելու իրավունք ունեն միայն նրա փաստաբանները։



















