300 պիցցա, երեխաների առևանգման սպառնալիքներ և մինչև 8 տարի բանտարկություն. Լեհաստանում ձերբակալել են 23-ամյա փրանքերի
- 2 minutes ago
- 1 min read

Լեհաստանում ձերբակալել են 23-ամյա մի տղամարդու, որին կասկածում են սննդի կեղծ պատվերների շարք կազմակերպելու մեջ, ինչն ուղեկցվել է սպառնալիքներով և ուրիշների անձնական տվյալների օգտագործմամբ։ Խարդախության, հետապնդման և ռեստորաններին զգալի ֆինանսական վնաս պատճառելու համար նրան սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում, հայտնել է Euronews-ը։
Լեհաստանի կիբեռհանցավորության դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի (CBZC) տվյալներով՝ կասկածյալը պատվերներ էր ձևակերպում առաքման պահին վճարման պայմանով, սակայն ինքը նախապես չէր պատրաստվում դրանց համար վճարել։ Խոսքն ընդհանուր առմամբ հարյուրավոր պատվերների մասին է, այդ թվում՝ 300 պիցցայի պատվերի։
Պատվերների մեկնաբանություններում կային ենթադրյալ զոհերի մասին մանրամասներ, որոնք կարող էին հայտնի լինել միայն նրանց կամ նրանց մտերիմներին։ Բացի այդ, չարագործը սպառնալիքներ էր թողնում՝ մասնավորապես հիշատակելով անչափահասի առևանգման, նոտարական գրասենյակի հրկիզման և ճանապարհատրանսպորտային պատահարի կազմակերպման մասին։
Պատվերներ ձևակերպելու համար տղամարդընօգտագործում էր հայտնի լեհ քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների անձնական տվյալները՝ նրանց նշելով որպես ստացողներ։ Ընդ որում, այն մարդիկ, որոնց անուններն օգտագործվել էին, պատվերների մասին ոչինչ չգիտեին։
Առաքումների մեծ մասը պատվիրել էին Շչեցինում, սակայն նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Վրոցլավում, Կրակովում և Վարշավայում։ Պատվերներից մեկը հատկապես խոշոր էր եղել. դրա արժեքը գերազանցում էր 37 հազար զլոտին (մոտ 8,6 հազար եվրո)։
Որոշ ռեստորաններ հրաժարվում էին կատարել պատվերները, օրինակ՝ երբ սննդի ծավալն այնքան մեծ էր, որ հնարավոր չէր այն նորմալ պատրաստել։ Հենց այդպես էլ եղել է 300 պիցցայի պատվերի պարագայում։
CBZC-ի և Շչեցին քաղաքի ոստիկանության քննչական բաժնի համատեղ գործողությունը հանգեցրել է կասկածյալի ձերբակալությանը նրա տանը։ Խուզարկության ընթացքում ոստիկաններն առգրավել են էլեկտրոնային սարքեր և տվյալների կրիչներ, որոնք կարող էին օգտագործվել կեղծ պատվերներ ձևակերպելու համար։
Դատարանը տղամարդուն կալանավորել է երկու ամսով։



















