Սպերմիդինով հարուստ մթերքները բարելավում են հոգեկան առողջությունը. Journal of Affective Disorders
- Armen Sukiasyan
- Nov 12, 2024
- 1 min read

Հարբինի բժշկական համալսարանի չինացի գիտնականները բնական նյութի՝ սպերմիդինի և դեպրեսիայի ռիսկի նվազեցման միջև կապ են հայտնաբերել: Հետազոտության արդյուքները հրապարակվել են Journal of Affective Disorders (JAD) գիտական հանդեսում:
Սպերմիդինը բնական միացություն է, որը հայտնաբերված է մի շարք մթերքներում, դրանց թվում՝ սոյայում, կարմիր լոբիում, ցորենի սերմում, պնդուկում, ոլոռում, սնկում, սպանախում, ծաղկակաղամբում, բրոկկոլիում, նուշում, պիստակում, շագանակում, բրինձում, սպիտակ հացում, խնձորում, բանանում, ավոկադոյում և կիվիում: Սպերմիդինը հանդիպում է նաև կենդանական ծագման մթերքներում՝ տավարի, հավի, խոզի, հնդկահավի և բադի մսում, ինչպեսդ նաև կաթի և ձվի մեջ:
Սպերմիդինը պոլիամին կոչվող մոլեկուլների խմբի մի մասն է: Դրանք բջջային առողջության համար էական նշանակություն ունեն և առանցքային դեր են խաղում բջջային գործընթացներին աջակցելու, մասնավորապես՝ աճի, վերականգնման և սթրեսից պաշտպանության համար:
Հայտնի է, որ սպերմիդինը նպաստում է բջիջների երկարակեցությանը` առաջացնելով աուտոֆագիա, որը բջիջներին օգնում է հեռացնել վնասված բաղադրիչներն ու օպտիմալ գործել:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 2005-2014 թվականներին ավելի քան 19 հազար մարդու առողջության և սնուցման ազգային հետազոտության տվյալները:
Մասնակիցները տեղեկություն են տրամադրել իրենց սննդակարգի մասին: Այնուհետև տվյալները համեմատվել են տարբեր մթերքներում սպերմիդինի հայտնի պարունակության հետ՝ օրական ընդունման մակարդակը գնահատելու համար:
Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի բարձր սպերմիդինի ընդունմամբ մասնակիցները ավելի հազվադեպ են գանգատվել դեպրեսիայի ախտանիշներից, քան ընդունման ավելի ցածր մակարդակ ունեցողները:
Այդ կապը պահպանվել է տարբեր տեսակի սպերմիդինով հարուստ մթերքների մեջ: Արդյունքները հաստատվել են վիճակագրական մոդելներով, որոնք ցույց են տալիս, որ սպերմիդինի ամենաշատ ընդունող խմբի մասնակիցները դեպրեսիայի ավելի քիչ շանս են ունեցել, քան դրա ամենացածր քանակն օգտագործող խմբի մասնակիցները:



















