Ստեփանակերտի մայր տաճարի ավերումն ու Երևանի լռությունը սինխրոն գործընթաց է. արցախցի քաղաքական գործիչ
- Apr 23
- 1 min read

Ադրբեջանը տեղում ոչնչացնում է հայկական պատմական և հոգևոր ժառանգությունը, մինչդեռ հայկական իշխանությունները լռություն են պահպանում. դա պատահական զուգադիպություն չէ, այլ սինխրոն գործընթաց։ Նման կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը NEWS.am-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերումը հատկապես ցավալի կորուստ է, քանի որ տաճարը հոգևոր և դաստիարակչական կենտրոն էր բոլոր արցախցիների համար։ Ղուլյանն ընդգծել է, որ հայկական ղեկավարության որևէ արձագանքի բացակայությունը, որն ամեն օր խոսում է խաղաղության հաստատման մասին, որևէ բանական բացատրության չի ենթարկվում։
«Եթե այդ խաղաղության գործընթացն իրական է, ապա կարելի էր հասնել գոնե ինչ-որ պայմանավորվածությունների՝ Արցախում հայկական հետքի պահպանման վերաբերյալ»,- նշել է նա։
Ղուլյանն ուղիղ զուգահեռ է անցկացնում. ինչպես 2022 թվականի հոկտեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ հայկական իշխանությունները Արցախը փաստացի Ադրբեջանի մաս ճանաչեցին, սկսվեց լիակատար շրջափակումը, ապա՝ հայերի տեղահանությունը, այնպես էլ հիմա՝ «արցախյան էջը փակելու» մասին Երևանի հայտարարությունները Ադրբեջանին ազդակ են տալիս գործելու տեղում։ «Հայկական իշխանությունները քաղաքականապես և բարոյապես ջնջում են հենց Արցախի անունը, իսկ Ադրբեջանն այն իրականացնում է ֆիզիկապես»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ղուլյանը վստահություն է հայտնել, որ հայկական հետքը ոչնչացնելու փորձերը դատապարտված են ձախողման. «Արցախն իր ամբողջականությամբ, իր բնությամբ և պատմությամբ, մնալու է հայկական»։



















