top of page

«Փրկենք՝ վաղվա համար»․ համահայկական հեռուստամարաթոն՝ նվիրված Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեության ապահովմանը, արցախյան մշակույթի պահպանմանն ու ներկայացմանը

  • Armen Sukiasyan
  • Apr 20, 2024
  • 1 min read

Փետրվարի 20-ից մեկնարկել է ‹‹Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն›› հասարակական կազմակերպության հայտարարած դրամահավաքը, որի արդյունքներն ամփոփվում են այսօր՝ ապրիլի 20-ին, ուղիղ եթերում։ Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:

Դրամահավաքը նվիրված է Արցախի մշակութային կոլեկտիվների գործունեության ապահովմանը, Արցախից դուրս՝ արցախյան մշակույթի պահպանմանն ու ներկայացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում Արցախից բռնի տեղահանված մշակույթի ոլորտի թվով 500 աշխատող կապահովվեն աշխատանքով, կլուծվի նրանց զբաղվածության հարցը, իսկ իրենց ընտանիքի անդամները, համայնքը, հազարավոր արվեստասերներ կդառնան ծրագրի անուղղակի շահառուներ:

Արդեն մոտ մեկ տասնյակ հիմնադրամներ, բազմաթիվ բարերարներ ու անհատներ են միացել նախաձեռնությանը:

Հեռուստամարաթոնն ուղիղ եթերում կշարունակվի մինչև 14։00-ն, այդ ընթացքում մեկ անգամ ևս կներկայացվեն դրամահավաքի նպատակներն ու խնդիրները, որոնք հնարավոր կլինի լուծել հավաքված միջոցների շնորհիվ: Մինչև հեռուստամարաթոնի ավարտը հանգանակություն կշարունակվի։

1/1959
bottom of page