top of page

Սյուզաննա Մելքոնյանի առաջիկա մենահամերգը՝ «ՀանդԱրտ» մշակութային այգում և նրա «գաղտնի հյուրը»․ երգչուհին բացահայտում է երեկոյի մանրամասները

  • Aug 13
  • 2 min read

Օգոստոսի 16-ին Բյուրականի «ՀանդԱրտ» մշակութային այգում տեղի կունենա երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի մենահամերգը։ Խաղողօրհնեքի օրը նախատեսված երաժշտական երեկոն բնության գրկում համախմբելու է երգչուհու երկրպագուներին ու հյուրերին՝ խոստանալով բազմաժանր ու հագեցած ծրագիր։

Սյուզաննա Մելքոնյանը պատմում է, որ համերգի գաղափարը ծնվել է դեռ «Got Talent Հայաստան» նախագծի շրջանակում, որտեղ ինքը և Տիգրան Գյուլումյանը ժյուրիի կազմում էին։

«Երբ աշխատում էինք «Got Talent Հայաստան» նախագծի ժյուրիի կազմում, Տիգրան Գյուլումյանը միշտ ասում էր՝ «Լավ կլինի՝ մեր մշակութային այգում համերգ ունենաս, որովհետև արժանի արտիստ ես»։ Սակայն, ելնելով մեր գրաֆիկից, ինչպես նաև եղանակային պայմաններից՝ սպասում էինք, որ ավելի տաք լինի, և հետաձգում էինք։ Բայց եկավ, հասավ այդ պահը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգչուհին։

Այս գաղափարի իրագործմանն, ըստ նրա, մեծապես նպաստել է նաև նախագծի պրոդյուսերներից Հրաչ Ղուկասյանը, որն այժմ զբաղվում է համերգի պրոդյուսերական աշխատանքով։

«Այսպիսով՝ յուրաքանչյուրս համախմբվեցինք այս գաղափարի շուրջ և որոշեցինք այն կազմակերպել հենց օգոստոսի 16-ին՝ Խաղողօրհնեքի օրը, և իմ ձայնը, իմ երգերը հասանելի դարձնել բնության գրկում»։

Ի՞նչ է սպասվում համերգին

Երաժշտական երեկոյի ընթացքում կհնչեն Սյուզաննա Մելքոնյանի այն երգերը, որոնց հեռուստադիտողն արդեն ծանոթ է։ Ծրագրում կլինեն նաև հայկական բալլադներ՝ մեր մեծերի թողած երաժշտական ժառանգությունից, ինչպես նաև միջազգային հիթեր, որոնք տարբեր մրցույթներում երգչուհու համար դարձել են յուրօրինակ ու հաղթական այցեքարտ։

Երգչուհուն բեմում կմիանան իր նվագախումբն ու բեք-վոկալիստները։

«Նրանց հետ միասին այս ամենը կդառնա ավելի գեղեցիկ ու երաժշտական»,-նշում է Սյուզաննա Մելքոնյանը։

Երգչուհու խոսքով՝ յուրաքանչյուր մենահամերգ իր հետ բերում է մեծ պատասխանատվություն, և անգամ բազմաթիվ ելույթներից հետո յուրաքանչյուր նոր բեմ բարձրանալն իր համար որոշակիորեն առաջին անգամի զգացողություն ունի։

«Անգամ, ասես, առաջին անգամ լինի՝ լավ իմաստով։ Երևի սերը և պատասխանատվությունը այն մարդկանց նկատմամբ, ովքեր քեզ ծափահարում են, միշտ սպասում են, և նրանց չհիասթափեցնելու ցանկությունն են առաջացնում այդ զգավողությունը»։

Հանդիսատեսն արդեն սպասում է նոր համերգի

Մելքոնյանը նշում է, որ առաջիկա համերգի մասին արդեն բազմաթիվ արձագանքներ է ստացել։ Որոշ երկրպագուներ նույնիսկ գրել են, որ օգոստոսի 16-ին քաղաքում չեն լինելու և առաջարկել են նման համերգ կազմակերպել նաև աշնանը։

«Շատ նամակներ եմ ստացել մարդկանցից, ովքեր գրում են, որ քաղաքում չեն լինելու, և միտք կա նաև աշնանը նման համերգ անել։ Իհարկե, եղանակային պայմաններից ելնելով՝ «ՀանդԱրտ»-ում չենք կարողանա անել, բայց հանդիսատեսի կողմից կա համերգի առաջարկ, ինչը ուրախալի փաստ է ինձ համար»։

Այս օրերին երգչուհին ակտիվ փորձերի փուլում է՝ նպատակ ունենալով օգոստոսի 16-ին հանդիսատեսին ներկայանալ հնարավորինս լավագույն ձևով։

Հյուր, որի անունը դեռ գաղտնի է

Երեկոյի գլխավոր անակնկալներից մեկը լինելու է հատուկ հյուրը, որի անունը Սյուզաննա Մելքոնյանը դեռ չի ցանկանում բացահայտել։

«Շատերը պատկերացում չունեն, թե ով է լինելու նա։ Ուզում եմ մինչև վերջին պահը պահել այդ ինտրիգը»,-ասում է երգչուհին։

Սյուզաննան շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսերը և պատրաստվում են ներկա լինել համերգին։

«Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր տոմսեր են գնել և գալու են այդ օրը, քանի որ, ցավոք, երաժշտական առումով մեր օրերում դժվար է թացը չորից տարբերելը։ Իմ կողմից վստահեցնում եմ, որ հրաշալի երեկո է ձեզ սպասվում»։

Այսպիսով՝ օգոստոսի 16-ին Բյուրականի «ՀանդԱրտ» մշակութային այգին կվերածվի երաժշտական բեմի, որտեղ Սյուզաննա Մելքոնյանը կհանդիպի իր հանդիսատեսին՝ հայկական և միջազգային սիրված ստեղծագործությունների, սեփական երգերի ու հատուկ անակնկալի ուղեկցությամբ։

 
 
1/2286
bottom of page