top of page

Լաշա Տալախաձե․ Վարազդատ Լալայանն ունի Լոս Անջելես-2028-ում հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, այնտեղ չլինեմ ես

  • Apr 26
  • 3 min read


Վարազդատ Լալայանն ունի Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերում հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, այնտեղ չլինեմ ես: Վերադառնալու մեծ ցանկություն ունեմ: Եթե հասկանամ, որ կա թեկուզ մեկ տոկոս հնարավորություն նորից հաջողության հասնել, այդ շանսն իմ ձեռքից բաց չեմ թողնի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաթումիում ասաց Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի յոթակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է:

Ապրիլի 19-26-ը Վրաստանի մայրաքաղաք Բաթումիում անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր առաջնության վերջին մրցումային օրն է եւ մրցահարթակ են դուրս գալու գերծանր քաշայինները: Հայ երկրպագուների համար տղամարդկանց գերծանր քաշայինների պայքարն ամենահետաքրքիրն է, քանի որ հաղթողի գլխավոր ֆավորիտը օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանն է:

Մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղերը, այս քաշային կարգում անգերազանցելի էր վրացի Լաշա Տալախաձեն, որն այս առաջնությունում ոչ թե մասնակցի, այլ կազմակերպիչի կարգավիճակում է: Համաշխարհային սպորտում մեծ ճանաչում ունեցող Տարալախձեն, չնայած ավարտել է մրցելույթները, բայց դեռ մտածում է մեծ սպորտ վերադառնալու մասին:

Առաջնության գլխավոր իրադարձության՝ գերծանր քաշայինների պայքարի մեկնարկից առաջ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է լեգենդար ծանրորդի հետ:

Լաշա, շնորհակալ եմ՝ այս զբաղվածության մեջ ժամանակ գտնելու համար: Դուք ֆեդերացիայի նախագահի եւ կազմակերպիչի կարգավիճակում եք այս առաջնությունում: Ինչպե՞ս եք գնահատում առաջնության ընթացքը, Ձեր ղեկավարած կառույցի ներկայացուցիչների մասնակցությունը:

 Մենք՝ վրացիներս, մաքսիմալիստներ ենք. սիրում ենք ամեն ինչ՝ առավելագույնը լինի: Որպես ֆեդերացիայի նախագահ, մեր ծանրորդներից միշտ պահանջում ենք առավելագույնը, բայց ոչ միշտ է նրանց դա հաջողվում: Կարծում եմ, որ մեր ծանրորդներն այս առաջնությունում արեցին ամեն ինչ, ինչ կարող էին, պայքարեցին մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է առաջնությանը, կարծում եմ՝ ամեն ինչ հրաշալի է  ընթանում: Փորձել ենք կազմակերպել եւ անցկացնել այնպիսի առաջնություն, այնպիսի մարզական տոն, որը ընդմիշտ կմնա հիշողության մեջ: Մեծ հույս ունեմ, որ եվրոպական ֆեդերացիան գոհ է մեր կազմակերպած առաջնությունից: Շուտով կավարտվի մրցաշարը եւ մեծ հույս ունեմ, որ մեր աշխատանքի պաշտոնական գնահատականը դրական կլինի եւ բոլորը գոհ կհեռանան Վրաստանից:

Հեշտ է լինել Եվրոպայի առաջնության կազմակերպի՞չ, թե՞ մասնակից եւ հաղթող:

Անձամբ ես կնախընտրեի կանգնել մրցահարթակին եւ անել այն, ինչը ես արել եմ տարիներ շարունակ՝ պայքարել, մրցակցել, ինչին ամենալավն եմ տիրապետում: Որպես ֆեդերացիայի նախագահ պակաս պատասխանատվություն չունեմ այս պարագայում, քանի որ պատասխանատու եմ բոլորի եւ ամեն ինչ համար, մարզիկների եւ նրանց ապագայի համար, ինչպես նաեւ մեր երկրում այս մարզաձեւի ապագայի համար:

Այս օրերին մրցումային դահլիճը գրեթե չեք լքում: Չեք կարոտե՞լ մրցահարթակը: Ցանկություն չի առաջանո՞ւմ բարձրանալ մրցահարթակն եւ նորից մտնել պայքարի մեջ: Հնարավո՞ր է՝ վերադառնաք:

Ես, իհարկե, ցանկանում եմ վերադառնալ, բայց, հետաքրքիր է՝ Դուք կցանկանայիք, որ ես վերադառնայի: Կատակում եմ (ծիծաղում է): Իրականում՝ շատ եմ ցանկանում, կարոտել են այն ամենմ, ինչ տեղի է ունենում այս պահին մրցումային դահլիճում՝ մրցահարթակը, պայքարը, մրցակցությունը: 13 տարի շարունակ մրցահարթակում եմ եղել, բաց չեմ թողել գրեթե ոչ մի մրցաշար, ինչը շատ վաղ անցյալում չէր: Արդեն ֆիզիկապես եւ հոգեպես շատ էի հոգնել: Եթե հասկանամ, որ կա վերադառնալ ու նորից հաջողության հասնելու թեկուզ մեկ տոկոս հնարավորություն, ոչ մի դեպքում այդ շանսն իմ ձեռքից բաց չեմ թողնի եւ անպայման կվերադառնամ: Այս պահին արդեն զգում եմ, որ վերջապես հանգստացել եմ, ուժերս վերականգնվել են, այնպես որ՝ ժամանակը ցույց կտա: 

Այսօր Ձեր քաշային կարգի ներկայացուցիչներն են դուրս գալու մրցահարթակ: Այդ պայքարից հետո հնարավո՞ր է ինչ-որ բան փոխվի «ներսում»: Մրցահարթակ է դուրս գալու Վարազդատ Լալայանը:  Չէիք ցանկանա՞ նրա հետ նորից մրցել:

Այս մեկ օրվա ընթացքում ինձ հետ ոչինչ տեղի չի ունենա, իմ ծրագրերում ոչինչ չի փոխվի: Վարազդատ Լալայանի մեծ երկրպագուն եմ: Նա հրաշալի ծանրորդ է: Շատ կուզեի, որ մենք գերծանր քաշային կարգում ունենայինք նույնպիսի հաջողակ մարզիկ, բայց չունենք:

Իմ գլխավոր ֆավորիտը Վարազդատ Լալայանն է, եւ նա ինձ համար կլինի առաջնայինը Եվրոպայում: Աշխարհի առաջնությունում Լալայանի հետ երկրպագում եմ նաեւ Գոռ Մինասյանին, որն այժմ ներկայացնում է Բահրեյնը: Ես նրանց երկուսին եմ շատ երկրպագում, աջակցում: Ցանկանում եմ, որ այս երկու հրաշալի ծանրորդները ամենաբարձր նվաճումներն ունենան:

Ըստ Ձեզ, ի՞նչ է սպասվում Վարազդատ Լալայանին Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերում:

Այսօրվա դրությամբ, Լալայանն ունի Լոս Անջելեսում հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, այնտեղ չլինեմ ես: Լալայանը շատ ուժեղ ծանրորդ է, եւ ես գտնում եմ, որ նա մրցակիցներ չունի: Լիարժեք վստահ եմ, որ Լոս Անջելեսում Վարազդատ Լալայանը կնվաճի օլիմպիական ոսկե մեդալը:

Առհասարակ, ինձ համար Հայաստանի ծանրամարտի թիմն ամենաուժեղներից է: Հրաշալի ծանրորդներ ունեք: 110 կգ քաշային կարգում եւս շատ լավ ծանրորդներ ունեք:  Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը փայլում են, շատ ուժեղ մարզիկներ են: Նրանց եւս երկրպագում եմ: Պատահական չի, որ բազմիցս այս երկու ծանրորդների միջեւ է ընթացել ոսկե մեդալի համար պայքարը Եվրոպայի առաջնություններում:

Վարազդատ Լալայանի հետ մրցակիցներ լինելուց բացի նաեւ լավ ընկերներ եք: Ինչպե՞ս է սկսվել մրցահարթակից դուրս ընկերությունը:

Լալայանն ինձ շատ մտերիմ մարդ է: Նախորդ ամռանը ընտանիքիս հետ հյուրընակվել էի Հայաստանում, եղել եմ Գյումրիում: Վարազդատ Լալայանը եւ մյուս տղաները միշտ իմ ընկերներն են եղել: Հայաստանի ամբողջ թիմի հետ մշտապես շատ ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել, հիմա նույնպես:

Մենք՝ վրացիներս միշտ աչքի ենք ընկել հյուրընալությամբ: Հայերը, Հայաստանը նույնպես աչքի է ընկնում ջերմ ընդունելությամբ, որին արժանացա իմ այցելության օրերին: Հրաշալի օրեր էին ինձ համար դրանք:

Լուսինե Շահբազյան՝ Բաթումիից

 
 
1/2291
bottom of page