Հանքերի որոնման թեմաները վերադարձել են Վահագնի, Դեբետ և Եղեգնուտ գյուղեր․ Դուլգարյան
- Aug 5
- 2 min read

Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գրում է․
«ՀՀ Լոռու մարզի Վահագնի, Դեբետ և Եղեգնուտ գյուղերի, ընդհանուր Փամբակ համայնքի, Վանաձոր համայնքի հարգելի բնակիչների և շահագրգիռ հանրությանը․
Հանքերի որոնման թեմաները վերադարձել են ձեր գյուղերի վարչական տարածքներ։
Ձեր գյուղերում սույն թվականի օգոստոսի 11-ին նախատեսվում են հանրային բաց լսումներ՝ Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանքայնացում հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ։
Բոլորս գիտենք, որ Փամբակ համայնքի բնակավայրերի զգալի մասը վերջին տարիներին դարձել է գյուղական և էկոլոգիական զբոսաշրջության զարգացման կարևորագույն հատվածներից մեկը։
Ավելորդ կլինի խոսել տարածաշրջանի էկոլոգիական կարևորության վերաբերյալ։ Փամբակ համայնքում արդեն իսկ գործում են երկու ոսկու հանքավայրեր՝ Քարաբերդում և Արջուտում։ Այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ դեռևս 2021 թվականի ապրիլի 16-ին Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբետ և Եղեգնուտ գյուղերի բնակիչները և ակտիվ քաղաքացիները դիմակայեցին իրենց վարչական տարածքներում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու գործընթացին։ Սակայն այն ժամանակվա դիրքորոշումը փաստացի կարճ կյանք ունեցավ, և հիմա Վահագնի, Դեբետ և Եղեգնուտ գյուղերի վարչական տարածքների այլ տեղանքներում ցանկանում են երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել։
Կարևոր է, որպեսզի Վահագնի, Դեբետ և Եղեգնուտ գյուղերի բնակիչները, զբոսաշրջության ոլորտի, տարածքում գործող հյուրատների և հյուրանոցների ներկայացուցիչները, երիտասարդները, կանայք և ակտիվ քաղաքացիները օգոստոսի 11-ին մասնակցեն նախատեսված հանրային քննարկումներին, ներկայացնեն իրենց կարծիքները, դիրքորոշումները և առաջնայնությունները, պաշտպանեն սեփական շահերն ու իրավունքները և թույլ չտան, որպեսզի իրենց փոխարեն որոշումներ կայացվեն։
Անպայման մասնակցեք հանրային լսումներին։
Ստորև ներկայացնում եմ նախատեսվող հանրային լսումների ժամանակացույցը.
2026 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Եղեգնուտ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 1 ժամանցի սրահում,
ժամը 13:00-ին՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 8 վարչական շենքում,
ժամը 15:00-ին՝ ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 1 վարչական շենքում։
Հ․Գ․ Հիշեցնեմ՝ Լոռիում հանքերը շատ են, և նոր հանքեր չեն լինելու․ այս մասին բազմիցս ասել են Լոռու մարզի տասնյակ գյուղերի բնակիչները վերջին տարիների ընթացքում»:



















