top of page

Պարզվեց՝ Դավթաշենում տեղի ունեցածը uպшնnւթյnւն է, ոչ թե ուշագնացություն ու հանկարծամահություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

  • Jul 29
  • 1 min read


Օրեր առաջ՝ հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է Ն.Ռ.-ի մահը։

ՔԿ-ի փոխանցմամբ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի 4-րդ շենքում գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ հասցնելով սպանել է տուժողին, ապա ահազանգել է շտապօգնություն և հայտնել, թե իբր տուժողն ուշագնաց է եղել:

Դատաբժշկական փորձագետի կողմից տրված նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով զարգացած շոկից:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ

Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
 
1/2287
bottom of page