Թուրք տղամարդը 8 տարի կնոջ կերպարանքով թաքնվել է ոստիկանությունից՝ քրոջ փաստաթղթերն օգտագործելով

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որն ութ տարի փախուստի մեջ էր՝ ներկայանալով որպես կին և օգտագործելով քրոջ անձնագիրը։ Այդ մասին հայտնում է Gulf News-ը։
Թուղրուլ Բարը հետախուզվում էր 2018 թվականից՝ գողության և պետական պաշտոնյաների անունից կեղծիք կատարելու համար բանտարկության դատապարտվելուց հետո։ Ձերբակալությունից խուսափելու համար նա փոխել է իր սանրվածքը, արտաքին տեսքը և հագուստի ոճը՝ առօրյա կյանքում ներկայանալով որպես կին։
Ոստիկանական ստուգումների ժամանակ թուրք տղամարդը ցույց է տվել քրոջ անձնագիրը։ Փախուստի մեջ գտնվող տղամարդը նույնականացվել է նրա ֆինանսական գործարքների միջոցով։ Հետաքննիչները նկատել են գնումներ, որոնք կատարվել են Բարի քրոջ բանկային քարտերով Ստամբուլում այն ժամանակ, երբ, ըստ պաշտոնական գրառումների, քույրը գտնվում էր Թուրքիայից դուրս։
Ոստիկանությունը հսկողություն է իրականացրել Քադըքյոյ շրջանում գտնվող մի հասցեում, ապա խուզարկել այն և ձերբակալել կանացի հագուստով մի տղամարդ։ Տղամարդու ինքնությունը վերջնականապես պարզվել է մատնահետքերի միջոցով։
Բարը բանտ է ուղարկվել նախկինում դատապարտված պատիժը կրելու համար։ Բացի այդ, նրա դեմ նոր հետաքննություն է սկսվել՝ ուրիշի փաստաթղթերն օգտագործելու և ուրիշի անունից կեղծելու կասկածանքով։



















