«Իր անձի վերաբերյալ կեղծ լուրեր էին շրջանառվում». Օնիկ Գասպարյանն ինչու է հիմա որոշել խոսել
- Apr 20
- 2 min read

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարության մեջ նշել է, որ տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր իր անձի վերաբերյալ և ինքը առաջարկում է Ազգային ժողովում փակ գաղտնի քննարկում իրականացնել, այդ ժամանակվա պաշտոնատար քաղաքական և ռազմական գործիչների, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործիչների, անհայտ կորածների, զոհվածների, հարազատների հետ, որոնք ունեն գաղտնի տեղեկատվություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ինչո՞ւ է հիմա ինքը որոշել խոսել. կարծում եմ, որ հիմք է հանդիսացել հենց կեղծ լուրերը իր անձի վերաբերյալ, որովհետև տարբեր լուրեր էին շրջանառվում լրագրողական գործունեություն իրականացվող մարդկանց կողմից և ինքը դրան դրան պետք է պատասխանի»,–ասաց նա։
Անդրադառնալով իր հայտարարությանը, որ հենց Հայաստանի պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել, հասել Շուշի, Բերձոր և Հայաստանի սահմաններ, Սեյրան Օհանյանն ասաց. «Իրենք ասում են, որ Արցախը իրենք չեն հանձնել. Իմ վրդովմունքն այն է, որ փոխանակ պատասխանատվություն կրեն, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գեներալներն են փախել։ Եթե գեներալները փախել են, ապա փախել են իր գլխավորությամբ և ինքը պարտավոր է ասել, որ գեներալն է փախել։ Եթե գեներալները փախել են ու դրա վերաբերյալ աղմուկ չեն բարձրացնում, չեն խոսում, միայն այսօր քննարկվում է իմ խոսքը, ապա կարծում եմ, որ այստեղ հավելյալ տեղեկատվություն կարիք կա։
Ես նորից ուզում եմ կրկնել, որ Ադրբեջանի զինված ուժերը ճեղքել են պաշտպանության բանակի հատվածը աջ թևով, և այդ հատված պատասխանատվությունը կրում է Հայաստանը։ Այդ պատերազմի ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի հրամանատարի երկու տեղակալ՝ գեներալական պաշտոններին։ Զոհվել են դիվիզիայի երեք հրամանատարի տեղակալներ, երկու գեներալ Արցախի ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալներ։
Արցախի հայաթափումից հետո, Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար երկու գեներալներ իրենց կամքով գնացել և այսօր գտնվում են Ադրբեջանի դատարաններում։
Ես գտնում եմ, որ Փաշինյանի ասածը սուտ է, կեղծիք է, և եթե այսօր նա այդ գեներալների անունները չտա, նշանակում է, որ ինքը մշտապես առաջնորդվել և այսօր էլ առաջնորդվում է ստի և կեղծիքի գաղափարով»։
Դիտարկմանը, որ Օնիկ Գասպարյանը նախ պետք է անդրադառնա Փաշինյանի հայտարարություններին, Սեյրան Օհանյանն ասաց. «Ես չեմ ուզում քննարկել Օնիկ Գասպարյանին, որովհետև պատերազմի ժամանակ որոշումներ ընդունելը, իրականացնելը չափազանց բարդ, դժվար պատասխանատու գործ է։ Եթե ինքն ասում է, որ պատրաստ է այդ հարցերը քննարկել, թող քննարկի, լավ է ուշ քան երբեք։
Իմ խոսքի մեջ ես օգտագործել եմ միայն մեկ անուն՝ Նիկոլ Փաշինյան և այսօր ինքն է պատասխանատվություն կրում այդ ամենի համար։ Ինքը բավականին մանիպուլյատիվ կերպով ուզում է իր պատասխանատվությունը գցել կամ նախկինների վրա, կամ ինչպես ինքն է նշում, ասենք, փախչող գեներալների վրա։
Պատերազմական ժամանակահատվածում կռվում է ոչ թե բանակը, այլ կռվում է պետությունը, որը պետությունը դնում է ռազմական ռելսերի վրա, մոբիլիզացնում է հավաքական կազմը, մոբիլիզացնում և թիկունք է կանգնում բանակին։
Մեծ թվով զորամասերի հրամանատարներ են զոհվել և վիրավորվել՝ հրամանատարներ, զինվորներ, պայմանագրայիններ, կամավորականներ իրենց կյանքը տվել են այդ պատերազմի ընթացքում, և այդպիսի իրողությանը փախուստ անվանելը ճիշտ չէ»։



















