top of page

Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով

  • May 15
  • 1 min read


Իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո:



Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը:

Նրա խոսքով՝ միջադեպը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում։ Միևնույն ժամանակ, Չերնամորյանը կարծում է, որ տեղի ունեցածը խմբագրական սխալի հետևանք է, ոչ թե միտումնավոր սադրանք:


«Չեմ կարծում, թե սա կանխամտածված քայլ է, ավելի շուտ անփութության դրսևորում է: Նման դեպքեր նախկինում էլ են եղել: Կիրակի օրը մտադիր եմ պաշտոնական նամակ ուղարկել՝ պահանջելով ներողություն խնդրել»,-նշել է նա:


Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին, որը տեղի էր ունեցել 2025 թվականին: Այն ժամանակ «Եվրատեսիլի» Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor («Վերապրածը»)՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»:

Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումների պահանջով: Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազից, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար:


Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաև հրապարակային ներողությամբ:



 
 
bottom of page