top of page

Արտահանման խնդիրների հետևանքով տնտեսությունում եկամուտների նվազման ռիսկերն ավելացնել են․ Հովհաննես Խաչատրյան

  • Aug 4
  • 2 min read


«2026 թվականի օգոստոսի 4 նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6․5 %։ 2026 թվականի 2-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակում է ձևավորել թիրախից բարձր մակարդակում՝ հունիսին կազմելով 5․1 %, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4․9 %»,- այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի 2-րդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարները՝ վատթարացել։

« Տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակների ընթացքում որոշակիորեն դանդաղել է, չնայած սպառողական բարձր ակտիվությունը պահպանվում է։Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև՝ երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը մնում են առարկայական։ Եվրագոտում և Ռուսաստանում, չնայած 2-րդ եռամսյակում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ հանգեցնելով նաև աճի միջնաժամկետ հեռանկարի վատթարացմանը։ Զուգահեռաբար ապրանքահումքային և պարենային ապրանքների գների հեռանկարների շուրջ բարձր անորոշությունները պահպանվում են»,- մանրամասնեց Խաչատրյանը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի փոխանցմամբ՝   հաշվի առնելով ընթացիկ բարձր գնաճային միջավայրը և դրա հեռանկարների շուրջ մեծ անորոշությունները՝ առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերն ավելացել են։

«2026 թ․-ին 2-րդ եռամսյակում Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը։Որին մեծապես նպաստում են շինարարության և ծառայությունների ճյուղերի զարգացումները։

«Նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների աճով։ Սա արտացոլվում է նաև համապատասխան ճյուղերում աշխատավարձերի աճի և գնաճի արագացմամբ։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնվող, թեև գնաճային գնաճին շարունակում են զգալիորեն նպաստել նաև առաջարկի գործոնները»,-իր խոսքում ընդգծեց Խաչատրյանը։

ԿԲ ներկայացուցիչն անդրադառնալով արտահանման հետ կապված խնդիրներին՝ արձանագրեց․ «Արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրների հետևանքով տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկերն ավելացել են՝ պարունակելով առավելապես գնանկումային ազդեցություններ»։

 Խաչատրյանը հայտարարեց, որ հաշվի առնելով վորենշյալ ռիսկերը,  ԿԲ  խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։

«Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 % նպատակի և գների կայունության ապահովման համար»։

  Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% , 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, ·

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

 
 
1/2284
bottom of page