Ոչ մի երկրում սենց բան չի եղել, որ ասեն՝ գնացեք, կռվեք հայրենիքի համար, հետո պատասխան չտան. Անաստաս Իսրայելյան
- Apr 23
- 1 min read

Մենք ապրում ենք մի երկրում, որը տեր, տիրական չունի, որ խոսքի տեր կանգնող ղեկավար չունենք, դրա համար մենք մեզ վերապահում ենք համար մեկ դավաճան անվանելու երկրի ղեկավարությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23–ին, ԱԺ–ի դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
«Եթե դուք շահագրգռված չեք այսօր բացահայտելու, թե ում մեղքով է, որ մեր երեխեքը անհետ կորած են համարվում։ Այսօր դուք ձեր բերանները բացում եք, ասում եք՝ Արցախի հարցը փակ է։ Դուք եք փակված մեր ժողովրդի աչքի առաջ։ Արցախի հարցը փակ չի, մինչև չպարզաբանեք այս հարցերը, մինչև չվերականգնվի Արցախի հայկական լինելը, մինչև ժողովրդի իրավունքը չվերականգնվի, դուք իրավունք չունեք հայ ժողովրդի անունից խոսելու։
Սա մենակ տուժած մարդկանց չի վերաբերվում, ամեն մեկի դուռը ծեծելու է, որ նման ղեկավարները շարունակեն երկրի իշխանության գլխին լինեն։ Սա խայտառակություն է, ոչ մի երկրում սենց բան չի եղել, ոչ մի երկրում սենց հրահանգ տվող չի եղել, որ ասի՝ գնացեք, կռվեք, սա երկրի հայրենիքի համար է ու դրանից հետո հրաժարվեն պատասխան տալ։ Այսօր ոչ մեկը չեկավ, որ պատասխան տա մեզ։ Խուսափում են, որովհետեւ մեղավոր են։
Արցախ ուրացողը, Արցախը մոռացության տվողը համար մեկ թշնամին է հայ ազգի համար»,– հայտարարեց Իսրայելյանը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հրապարակել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ ԱԺ–ում չներկայացվեց։



















