Ինչո՞ւ է այսօր այդքան դժվար մարդկանց Լուսին ուղարկելը
- Armen Sukiasyan
- Apr 22, 2024
- 1 min read

1969-1972 թվականներին Apollo առաքելությունների շրջանակում, ընդհանուր առմամբ, տասնյակ տիեզերագնացներ իջան Լուսնի մակերես։ Ընդորում, դա տեղի ունեցավ նախքան կսկսեր այսօրվա տեխնոլոգիաների զարգացման բուռն շրջանը: Եվ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է տպավորություն ստեղծվում, որ Լուսին վերադառնալու մարդկության ներկայիս ջանքերը, ի դեմս ՆԱՍԱ-ի Artemis նախագծի, այդքան դանդաղ են և բարդ։ Պարզվում է, որ հարցը չունի մեկ հեշտ պատասխան, քանզի դա պայմանավորված է առնվազն երեք գործոնով՝ ֆինանսավորում, քաղաքականություն և առաջնահերթություններ, գրում է Space.com-ը:
Ֆինանսավորում
Apollo-ի առաքելությունները չափազանց հաջող էին և չափազանց թանկ: Այդ ժամանակ ՆԱՍԱ-ն սպառում էր ԱՄՆ ամբողջ դաշնային բյուջեի մոտ 5%-ը, և դրա կեսից ավելին հատկացված էր Apollo ծրագրին: Հաշվի առնելով գնաճը՝ Apollo-ի ամբողջ նախագիծն այսօր կարժենար ավելի քան 260 մլրդ դոլար: Եթե հաշվի առնենք Gemini նախագիծը և լուսնային ռոբոտային ծրագիրը, որոնք Apollo-ի իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ էին, ապա այդ թիվը կհասնի ավելի քան 280 մլրդ դոլարի:
Համեմատության համար նշենք, որ այսօր ՆԱՍԱ-ն տիրապետում է ընդհանուր դաշնային բյուջեի կես տոկոսից պակասին՝ առաջնահերթությունների և կարգադրությունների շատ ավելի լայն շրջանակով: Վերջին տասնամյակում ՆԱՍԱ-ն Artemis առաքելության վրա ծախսել է մոտ 90 մլրդ դոլար: Եվ քանի որ հիմա Լուսնի վրա կրկին վայրէջք կատարելու համար ավելի քիչ գումար է հատկացվում, հավանաբար, առաջընթացն այս հարցում ավելի դանդաղ կլինի, նույնիսկ տեխնոլոգիաների զարգացման պարագայում։



















