top of page

2021-ին ՔՊ-ն մարդկանց ասե՞լ է, որ իրենք ստանալու ենք միլիոնների պարգևավճարներ, իսկ թոշակառուն վերածվելու է առողջ սովյալի

  • Arnold Gevorgyan
  • 1 hour ago
  • 2 min read

Այսօր ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը շռնդալից ու աննախադեպ համարեց այն հանգամանքը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի թվերի՝ 57 թոշակառու ստացել է 4 միլիոն դրամ՝ առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար ու որպես հակադարձում այն մեղադրանքների, որ թոշակը չեն բարձրացնում, եզրահանգեց, որ Հայաստանում ոչ մի տատիկ ու պապիկ մենակ չէ իր առողջական հարցերում։ Իհարկե, Աստված առողջություն տա մեր տատիկներին ու պապիկներին, հատկապես նրանց, որոնք այսօր գտնվում են բուժման մեջ, սակայն Հայկ Կոնջորյանը հաշվի չի առնում մի շատ կարևոր «մանրուք»։ Մարդը բուժվելուց հետո պետք է ապրի, ընդ որում ապրի այնպես, որ տարին մի քանի անգամ հիվանդանոցների դռները չթակի։ 

Հիմա, երբ այն տատիկը կամ պապիկը, որը ստացել է 4 միլիոնանոց բուժում, ինչպե՞ս կարող է 40 հազար դրամով ապրել այնպես, որ շատ կարճ ժամանակում նրա մոտ կրկին առողջական լուրջ խնդիրներ չառաջանան։ Միանշանակ է, որ 40 հազար դրամն այսօրվա գնաճի պայմաններում մարդուն թույլ չեն տալու նույնիսկ գոյատևել, ու ակնհայտ է, եթե 40 հազար դրամ ստացող թոշառակուն որևէ օգնող չունենա, ապա 4 միլիոնանոց բուժում ստանալուց հետո մատնվելու է կատարյալ սովի։ Իհարկե, յուրաքանչյուր զավակի բարոյական պարտքն է ապահովել իր թոշակառու ծնողին (դեռ չեմ խոսում միայնակների մասին), սակայն այդ բարոյական պարտավորվածությունը չունի օրենքի ուժ, ու երբ մեկը հրաժարվում է պահել իր ծնողին, ապա այդ թոշակառուն հայտնվելու է կատարյալ աղետի առաջ, նույնիսկ եթե առողջական որևէ խնդիր չունենա։ Հայկ Կոնջորյանին հարկ է հիշեցնել, որ պետությունը հասարակական դաշինք է՝ ստեղծված մարդու կողմից, մարդու համար։ Ժան Ժակ Ռուսոն նշում է. «Մարդիկ ստեղծեցին պետություն, իրենցից օտարեցին որոշ իրավունքներ՝ այն տալով այդ հասարակական դաշինքին, որպեսզի պետությունն իրենց կողմից օտարված իրավունքների փոխարեն ապահովի մարդկանց բարեկեցությունն ու անվտանգությունը»։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը տեղին-անտեղին խոսում է պետության մասին, ապա 40 հազար դրամ ստացող ու մի կերպ գոյությունը պահող թոշակառուի մոտ ակամայից կարող է հարց առաջանալ, «այնուամենայնիվ, ո՞ւմ է պետք այն պետությունը, որը չի կարողանում հոգալ այն մարդկանց արժանապատիվ ծերությունը, որոնք ժամանակին աշխատել են ու այդ պետությանը հարկ վճարել»։

Ժամանակին բազմաթիվ երկրներում, այդ թվում Խորհրդային Միությունում, որտեղ ընդունված էր մահապատիժը, եթե դատապարտյալը նախքան վճռի իրականացումն ունենում էր առողջական խնդիրներ, ապա նրան բուժում էին, այնուհետև ենթարկում մահապատժի։ Գրեթե նույն իրավիճակն է ստեղծվում նաև այս պարագայում, երբ մարդուն բուժում են, այնուհետև սովի մատնելու համար, հակառակ պարագայում Հայկ Կոնջորյանը չէր փորձի պետության կողմից իրականացվող բուժումները «ծախել» հանրության վրա։ Նախ դա պետության առաջնային պարտականությունն է, այլ ոչ ՔՊ-ական «բարեգթություն», երկրորդը՝ պարզագույն մանիպուլյացիա՝ իբր պետությունը կանգնած է թոշակառուի կողքին։ 

Իհարկե, ոչ ոք չի ակնկալում, որ թոշակառուն պետք է ստանա այնքան միլիոններ, որքան ՔՊ-ական պատգամավորներն ու նախարար-փոխնախարարները, սակայն պարզ բարոյականությունը հուշում է, որ նախքան միլիոնների պագևավճարներ ստանալը, իշխանությունը պարտավոր էր թոշակները բարձրացնել այնքան, որպեսի մարդիկ օր ծերություն կարողանային գոնե փոքրիշատե բավարարել իրենց կենցաղային կարիքները։

Թող Հայկ Կոնջորյանն ու առհասարակ որևէ ՔՊ-ական փորձի մի ամիս ապրել 40 հազար դրամով, ընդ որում ապրի առանց ցրտից դողալու ու առանց կիսասոված վիճակի, եթե դա նրան հաջողվեց, ապա ես խոստանում եմ առաջիկա ընտրություններին իմ ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ որպես հրաշագործների միավորման։

Եվս մեկ հիշեցում Նիկոլ Փաշինյանին ու մնացյալ ՔՊ-ականներին։ Նրանք հաճախ են սիրում կրկնել, որ ժողովրդի կողմից ստացել են ցանկացած որոշում կայացնելու քվե։ Սակայն դեռ ազգային խնդիրները մի կողմ դնենք ու բերենք զուտ կենցաղային օրինակ, քանի որ դուք զուրկ եք ազգայինից։ Ձեր ընտրարշավի ժամանակ որևէ ընտրողի ասե՞լ եք, որ վերարտադրվելուց հետո մենք միլիոններ ենք ստանալու պարգևավճարների տեսքով ու շեշտելու ենք, որ լավ ենք անում։ Ասե՞լ եք, իհարկե՝ ոչ, որովհետև եթե ասեիք, ապա 2021 թվականին ոչ թե կվերատրադրվեինք, այլ կրկին կդառնայիք այն ոչ ոքը, որը էիք, նախքան իշխանության գալը։

Կարեն Կարապետյան

 
 
bottom of page