23 ԲՈՒՀԻՑ ԵՒ 33 ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն դեռ ամիսներ առաջ բուհերին ուղարկել էր միավորման առաջարկ, որպեսզի նայեն եւ իրենց հայեցակարգերը ներկայացնեն կոմիտեին։ Առաջարկները բուհերին ուղղվել էին 2023-ի հուլիսի 17-ին՝ գիտական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված խոշորացման հայեցակարգի վերաբերյալ։ Բուհերից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն արդեն լրացել է, արդյունքներն էլ` ամփոփվել։
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հանրային կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Աստղիկ Մելիք-Քարամյանը մեզ հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց. «23 բուհից առաջարկ ենք ստացել, 6 բուհը ուղղակի զանգի միջոցով հայտնել են, որ առաջարկ չունեն, բայց քննարկումներին պատրատ են մասնակցել, ինչպես նաեւ Գիտությունների ակադեմիան մեկ փաթեթով է ուղարկել առաջարկությունները, ԳԱԱ 33 կազմակերպություններից 29-ն են առաջարկ ներկայացրել, այդ թվում նաեւ` Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան»:
Առաջարկների բովանդակության մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ դեռ քննարկումներ են ընթանում. «Հատուկ այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվելու, նիստեր են լինելու, քննարկումներ են արվելու, դրա արդյունքում առաջարկները ի մի կբերվեն, կամփոփվեն ու կներկայացվեն»:



















