Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է
- 12 minutes ago
- 1 min read

Ստամբուլի հայկական վարժարանները կշարունակեն ընդունել հայաստանցի ընտանիքների երեխաներին։ Վերջիններս Թուրքիայում կրթություն կստանան «հյուր-աշակերտի» կարգավիճակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։
Նա թեմայի վերաբերյալ խոսել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով ԱԿՕՍ-ին։
Սըվաջըօղլուն նշել է, որ «հայկական համայնքին պատկանող վարժարաններում սովորող հյուր-աշակերտների վերաբերյալ որևէ նոր կարգավորում չկա»։ Այսինքն, Հայաստանից մեկնած ու Թուրքիայում աշխատելու կամ բնակության իրավունք ստացած ընտանիքների երեխաները կարողանալու են բնականոն կերպով կրթվել տեղի հայկական դպրոցներում։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ պոլսահայ համայնքում քննարկվում էր լուրն այն մասին, որ Թուրքիայի կրթության նախարարությունից նոր հրահանգ է իջեցվել, որի համաձայն արգելվում էր հայաստանցի երեխաներին կրթվել տեղի հայկական դպրոցներում։ Փոխարենը, ըստ լուրերի, հայտարարվել էր, որ այդ երեխաները պետք է հաճախեն Թուրքիայի պետական դպրոցներ։
Թեման քննարկվել էր նաև Թուրքիայի հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միության օգոստոսի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել էին ինչպես Սըվաջըօղլուն, այնպես էլ Կ․Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայկական վարժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։
Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել․ «Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում են ապատեղեկատվություն և ուղղված են հասարակական անդորրի ու միասնականության դեմ»։
Ընդգծվել է, որ այս դպրոցների նկատմամբ համապատասխան օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը։ Հանրությանը կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին և մանիպուլյատիվ բովանդակությանը։



















