«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՏՈՒՄ ԷԻՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ ՊԱՐԶՎԵՑ՝ ՄԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ԷԻՆ
- Armen Sukiasyan
- Feb 8, 2024
- 2 min read

HSBC բանկի վաճառքի մասին «Հրապարակը» գրել էր դեռ դեկտեմբերի 9-ին։ Մենք տեղեկություն ունեինք, որ բանկի ղեկավարությունը որոշել է վաճառել Հայաստանի մասնաճյուղը։ Բացահայտել էինք նաեւ գնորդին՝ Արդշինբանկ, եւ գործարքի գինը՝ 100 մլն դոլար, որն աբսուրդային է, քանի որ բանկի ստեղծման համար 10 անգամ ավելի ներդրում է արվել՝ 1 մլրդ դոլար։ Ե՛վ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով տեղյակ էր գործարքից, ե՛ւ Կենտրոնական բանկը հերքեցին մեր տեղեկությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր. «Ոչ։ Դա ինձ հետ կապ չունեցող եւ իմ իրավասությունների շրջանակից դուրս հարց է»։ ԿԲ-ից ասել էին. «Եթե պաշտոնապես ինչ-որ բան լինի, այդ մասին բոլորը կիմանան։ Որովհետեւ, եթե նման բաներ տեղի են ունենում, անցնում են որոշակի գործընթացով, ԿԲ խորհրդի կողմից հաստատում է լինում եւ այլն»: Իսկ ամենաուշագրավն Արդշինբանկի սուտն էր` մեզնից նախ գրավոր հարցում էին ուզել, ապա հերքել. «Հայտնում ենք, որ ներկայում Արդշինբանկը որեւէ հայկական բանկի ձեռքբերման գործարք չի կնքել ու Հայաստանում այդ կապակցությամբ որեւէ քննարկումների չի մասնակցում»: Մեր ճշտող հարցին` իսկ Հայաստանից դուրս քննարկումների՝ որեւէ բանկի ձեռքբերման հետ կապված, մասնակցո՞ւմ եք, ասել էին. «Որեւէ բանկի ձեռքբերմանը չենք մասնակցում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ դրսում»։
Պակաս «հնարամիտ» չէր նաեւ HSBC-ն, որտեղից մեզ պատասխանել էին. «Տեղեկացնում ենք, որ բանկը չի մեկնաբանում շուկայում առկա շահարկումներն ու ասեկոսեները»: Անցավ ընդամենը 2 ամիս, եւ պարզվեց, որ մեր տեղեկությունները ճիշտ էին, իսկ նման կայացած կառույցներն անամոթաբար ստում էին` բացահայտ սուտ, պաշտոնեական կեղծիք տարածելով։
HSBC բանկն իր կայքում զետեղել է հաղորդագրություն, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ HSBC-ն համաձայնություն է ձեռք բերել «HSBC Հայաստանն» «Արդշինբանկ» ՓԲԸ-ին վաճառելու շուրջ։ Գործարքը կիրականանա կարգավորող մարմինների հաստատումները ստանալու պայմանով։ «HSBC Հայաստանը» վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի՝ HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման եւ ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ»։ Բանկը նաեւ տեղեկացնում է, որ գործարքը նախատեսվում է ավարտել 12 ամսում, եւ հաճախորդների համար ոչինչ չի փոխվել` նրանց սպասարկումը կիրականացնի Արդշինբանկը։
Փաստորեն, HSBC բանկի ղեկավարության միակ պաշտոնական բացատրությունը կապիտալի վերաբաշխման անհրաժեշտությունն է՝ «ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններով»։ Հայկական ուղղությունը նրանց ինչ-ինչ պատճառներով այլեւս չի բավարարում։
Մինչդեռ վաճառքի մասին որոշման իրական պատճառը, ըստ մեր աղբյուրի, կապված է ադրբեջանական լոբբինգի տարած աշխատանքի հետ՝ Մեծ Բրիտանիայում։
44-օրյա պատերազմի օրերին Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ինտենսիվ հանդիպումներ է ունեցել HSBC բանկի ղեկավարության հետ, համոզել, որ HSBC-ի հայաստանյան մասնաճյուղի միջոցով Ռուսաստանից Հայաստան մեծ գումարներ են փոխանցվում, որով Հայաստանը զենք եւ սպառազինություն է ձեռք բերում եւ օգտագործում է Ադրբեջանի դեմ վարվող պատերազմում։ Բանկի ղեկավարությունն աուդիտ է իրականացրել «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում, որի ակտիվներն այդ պահի դրությամբ կազմում էին 303 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ HSBC բանկի՝ Լոնդոնից տրամադրված վարկերը: Չնայած աուդիտը խախտում չի հայտնաբերել, եւ չնայած դրա արդյունքում հայաստանյան մասնաճյուղը ստացել է հուսալիության ամենաբարձր աստիճանը, իսկ շահութաբերությունը 2022 թվականին եվրոպական մասնաճյուղերի համեմատ մոտ 20 տոկոսով բարձր է եղել, բայց բանկի ղեկավարությունը որոշել է վաճառել հայաստանյան մասնաճյուղը` ենթարկվելով ադրբեջանական ճնշումներին։
Սա Հայաստանի եւս մի պարտությունն է։ Մեր երկրից հեռանում է Հայաստանի լավագույն, հեղինակավոր, միակ իսկապես միջազգային բանկը, որը գրեթե 30 տարվա պատմություն ունի եւ Հայաստանի ամենաշահութաբեր բանկերից մեկն է համարվում։



















