Բա խի՞ հիմա չեք ասում՝ դավաճան, հողատու, մոռացե՞լ եք. ավելի ակտիվ եղեք այդ ուղղությամբ. Փաշինյանը՝ ընդդիմությանը
- Armen Sukiasyan
- Jan 17, 2024
- 2 min read

Դեռեւս 2022-ի հոկտեմբերին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ կա պայմանավորվածություն մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ձեր խնդիրն այն է, որ դուք բթացնում եք զգոնությունը մարդկանց եւ ուղղակի չեք ասում, որ այո, հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, բայց դա չի բերելու խաղաղություն, անվտանգություն եւ չի երաշխավորելու, որ Ադրբեջանը այլեւս երբեք չի հարձակվելու: Նախկինում երբեք որեւէ ղեկավար չի փոքրացրել Ադրբեջանից եկող սպառնալիքը: Պետք է ուղղակի ասել, որ Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում, պատերազմի է պատրաստվում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ես ուզում եմ հիշեցնել, թե 2020 թվականից էս կողմ քանի անգամ է ընդդիմությունն ահազանգել, որ Բրյուսելում չորեքշաբթի օրը երեկոյան ժամը 8-ին, հետո առավոտյան ժամը 6.30-ին, բայց հետո քանի որ աղմուկ արեցինք, հետաձգվեց մյուս օրը ճաշից հետո փաստաթուղթ է ստորագրվելու: Բա ինչի՞ եք դուք ստուգված, սուտ տեղեկությունները տարածում: ՀՀ ժողովրդի զգոնությունը բթացնելու անհրաժեշտություն չկա, մենք ասել ենք՝ ժողովուրդ, անկախ արտաքին միջավայրից եկող սպառնալիքներից, մենք պետք է կենտրոնացած մնանք Հայաստանի պետական շահերից բխող գործողությունների տրամաբանության մեջ: Եվ ասել ենք՝ որն է Հայաստանի պետական շահը. Դա ՀՀ տնտեսական զարգացումն է: Հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ նստենք սկսենք ծնկներներիս տա՞լ: Դրանից ոչինչ չի փոխվի: Բան կփոխվի նրանից, թե Հայաստանը 2023-ին ինչ տնտեսական աճ է եղել, 2024-ին ինչ աճ է լինելու, բյուջեի եկամուտներն ինչքան են աճել, ռազմական ծախսերն ինչքան են աճել, կրթության ծախսերն ինչքան են աճել, քանի դպրոց է կառուցվել, գիտության ֆինանսավորումը որքան է ավելացել»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ որեւէ մեկը խնդիրների մասին ավելի շատ չի խոսում, քան հենց կառավարությունը. «Անգամ դուք ավելի շատ չեք խոսում: Դուք խոսում եք ուրիշ բաների մասին, որոնք գնալով ավելի լուսանցքային իրավիճակում են հայտնվում: Հիմա էլ սում եք՝ դուք ձախողվել եք: Դավաճանը պրծանք, հողատուն պրծանք, բա խի՞ հիմա չեք ասում, խի՞ եք մոռացել: Ամեն հարցից առաջ ասեք՝ դավաճան, հողատու: Մի դավաճանեք ձեր սկզբունքներին, ավելի ակտիվ եղեք այդ ուղղությամբ: Շուտ-շուտ ասեք, որ դուք էլ չմոռանաք, ուրիշներն էլ չմոռանան»:



















