Նիկոլին վերցնեն՝ Պետրոսը կշահի (Լրագրային շանսոն)
- Aug 6
- 2 min read

Առավոտյան մի այնպիսի նախազգացում ունեի` իբր ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտել են Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ եւ խուզարկում են: Ինչ են փնտրում՝ հայտնի չէ: Այս մասին ԱԱԾ-ն նախապես հայտարարություն չէր տարածել: Ինքը՝ Փաշինյանը, աշխատասենյակում չէ: Քարտուղարուհուն դեմ են տվել պատին, բերանը «սկոչով» փակել, որ ծպտուն չհանի: Շենքի միջանցքներում մեռելային լռություն է, տարհանել են բոլորին: Ներքեւում՝ փողկապով ու կաստում-շլվարով քաղաքացիների մեջ, ես նշմարում եմ սփրթնած պահակին եւ, մի կողմ քաշելով, հարցնում.
- Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ պաշտոնյաները տեղում չեն, ինչո՞ւ են ցույց անում…
- Ցույց չի, «օբլավ» ա, ԱԱԾ-ն մեծարգո պարոն Փաշինյանին ա փնտրում:
- Ո՞նց թե…
- Հա, ինձ էլ հարցրին, ասի՝ չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել:
- Բա հետո՞…
- Էլ ինչ հետո, լցվեցին ներս, էս հարիֆներին հանեցին դուրս եւ հիմա մեծարգո պարոն Փաշինյանի աշխատասենյակն են ստուգում:
- Ի՞նչ են փնտրում՝ թղթեր, ձայնագրություններ, նոր «լայվեր»… փող:
- Չգիտեմ:
- Նիկոլը, փաստորեն, թռած է, հա՞:
- Չգիտեմ, չեմ կարող ասել:
- Իսկ կարող ա՞ տարածքում ա՝ զուգարանում, հանգստի սենյակում…
- Չգիտեմ, չեմ կարող ասել:
Փորձում եմ ԱԱԾ աշխատակիցներից մեկից ճշտել, թե բարձր պաշտոնյայի բացակայությամբ ինչ իրավունքով են խուզարկում նրա աշխատասենյակը: Սա ինձ մի տեսակ է նայում.
- Իսկ դու ի՞նչ գիտես, որ խուզարկությունն առանց Նիկոլ Փաշինյանի է ընթանում:
- Ենթադրում եմ:
- Ինչի՞ց ես ենթադրում:
- Այս լռությունից… Եթե Նիկոլը վերեւում լիներ, հիմա նրա ճղճղոցը աշխարհ էր բռնել:
- Տրամաբանական է: Բայց Դուք, քաղաքացի, գնացեք այստեղից, կարիք չկա, որ քիթներդ մտցնեք Նիկոլի գործերի մեջ:
- Բայց, ախր, նա մեր երկրի վարչապետն է, չիմանա՞նք, թե ինչ է պատահել, ինչու են նրա աշխատասենյակը խուզարկում:
- Եթե ոտքդ կախ գցես, քեզ էլ կխուզարկենք: Ավելի լավ է՝ գնա, քանի դեռ ես բարի եմ:
Այդ պահին շենքին մի սեւ մեքենա է մոտենում: Բարձրաստիճան սպան հենց մեքենայից կարգադրում է. «Ատբոյ, օպերացիայի ավարտ, կլիենտին վերցրել ենք դաչեքում»:
- Լսում եմ, պարոն գնդապետ, ատբոյ,- ձգվում է իմ «ծանոթ» ԱԱԾ-ականը եւ բարձրանում վերեւ՝ լուրը Նիկոլի աշխատասենյակը խուզարկողներին տանելու:
Ես մինչեւ իրար կկապեի «ատբոյ», «օպերացիա», «կլիենտ», «վերցնել», «դաչեք» բառերը, որ հասկանամ, թե ինչ է պատահել, կաստում-շլվարով «ցուցարարները» թռնում են կառավարության շենքի բակից՝ որը մեքենայով է ճողոպրում, որը՝ ոտով, որը՝ հանրային տրանսպորտով: Մնում ենք ես ու սփրթնած պահակը:
- Փաստորեն, մեծարգո պարոն Փաշինյանին վերցրել են,- ասում է նա ցածրաձայն:
- Ինչի՞ց ենթադրեցիր:
- Այս լռությունից… Տեսա՞ր պաշտոնյաները ոնց փախան…
- Տեսա… Բայց դու չփախար:
- Ե՞ս ինչու պետք է փախչեմ: Գործից պետք է հանե՞ն, թող հանեն: Պահակի գործ ինչքան ասես կա:
Նա մտնում է ներս: Ես, դրսում կանգնած, հետեւում եմ մարդկանց անցուդարձին: Ոչ ոք լուր չունի տեղի ունեցածից: Իրենց համար գնում-գալիս են, ամեն մեկն իր գործով է զբաղված: Զբոսաշրջիկների մի խումբ է մոտենում ինձ.
- Կներեք, ա՞յս շենքում է նստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
- Այո,- ինքնաբերաբար ասում եմ ես եւ իսկույն էլ ճշտում,- այստեղ էր նստում, բայց նրան այսօր վերցրել են, աշխատանքի չի եկել:
Քայլում եմ դեպի մետրո: Մտքերս ինձ տանում են Պետրոս Ղազարյանի մոտ… Էլի էդ «կռիսը» շահեց, մարդիկ այսօր Հ1-ի «Հատուկ հաղորդագրություններից» բացի ոչինչ չեն նայելու:



















