Պավլիկ Մանուկյանն արդեն չորս տարի է՝ ՔԿՀ-ում է․ առողջական վիճակը վատթարացել է․ պաշտպանը համոզված է՝ ազատազրկման ձևով պատիժը պետք է վերանայվի
- Jul 28
- 3 min read

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, արդեն չորս տարի է՝ ազատազրկման ձևով պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։
Մանուկյանի առողջական խնդիրների մասին հայտնի էր դեռևս 2022 թվականի մայիսին, երբ նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այդ ժամանակ նա նույնիսկ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ հետագայում ենթարկվել էր վիրահատության։
ՔԿՀ-ում չորս տարի անցկացնելու ընթացքում նրա առողջական վիճակը, բնականաբար, չի բարելավվել։ Այս ընթացքում Մանուկյանի պաշտպանները բազմաթիվ դիմումներ և բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով վերանայել նրա պահման պայմաններն ու ռեժիմը։ Օրակարգում է նաև ազատազրկման ձևով պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ինչպես նաև ընդհանրապես պատժի վերանայման հարցը։ Առաջիկայում նախատեսվում է ներկայացնել համապատասխան նոր բողոքներ։
Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ոչ միայն Մանուկյանի, այլ ընդհանրապես ազատազրկման ձևով պատժի կիրառման հարցը պետք է վերանայվի։
«Փոքր նահանջ ունեն իրենք, բայց ազատազրկումը պետք է ընդհանրապես վերացվեր։ Մյուս խմբի նկատմամբ, կարծես, համաներում էր կիրառվել»,- նշեց Փոստանջյանը՝ չբացառելով, որ կարող է բարձրացվել ոչ միայն պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, այլև պատժի վերանայման հարցը։
«Եթե օրենքով լիներ, ապա իրենք ընդհանրապես ՔԿՀ-ում չպետք է լինեին։ Մեր գործողություններից արդեն 10 տարի է անցել։ Տասը տարի անց մենք չունենք Արցախ, իսկ իրենք դեռևս գտնվում են ՔԿՀ-ում։ Փաստորեն իշխանությունը կամ չի փոխվել, կամ փոխվել է՝ ավելի վատ իմաստով։ Այս ռեժիմները նույնն են, նույն տրամաբանությամբ են գործում։
Մինչև հիմա պարզ չէ, թե ովքեր են սպանությունները կատարել, ով է մահացու հրազենային վիրավորումներ պատճառել ոստիկաններին։ Առաջին ատյանի դատարանը հենց այնպես չէր արդարացրել Արմեն Բիլյանին․ այդ որոշումը հիմնված էր բավականին լուրջ և ծանրակշիռ ապացույցների վրա, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության։ Պետք է լուրջ քննություն կատարվեր՝ պարզելու, թե ինչու է մահացել Գագիկ Մկրտչյանը, ինչու էին ոստիկաններն այդ ժամանակ պահանջում, որ համաներումը կիրառվի ընտրովի։
Հետաքրքիր է՝ այդ ոստիկաններն այսօր էլ նույն դիրքորոշո՞ւմն ունեն, թե՞ փոխել են այն և այլևս չեն առարկում, որպեսզի համապատասխան դիմումներով հանդես գան և հնարավորություն ստեղծվի, որ այդ մարդիկ դուրս գան ՔԿՀ-ներից։
Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները մինչ օրս բացահայտված չեն։ Նա մահացել էր մեկ ամիս անց՝ հիվանդանոցում, սակայն այդպես էլ չի պարզվել, թե ով է նրան հրազենային վնասվածքներ պատճառել և ինչ հանգամանքներում։ Ո՛չ նախաքննությունը, ո՛չ դատաքննությունը չեն պատասխանել այդ հարցերին։ Միևնույն ժամանակ ապացուցվել է, որ Արմեն Բիլյանը նրան նույնիսկ չի տեսել։
Դատաբժշկական փորձաքննությամբ հրազենային վնասվածքների նկարագրությունն այնպիսին էր, որ անհասկանալի էր՝ որովայնի երկրորդ վնասվածքը որտեղ և ինչ հանգամանքներում է ստացել։ Անհասկանալի էր նաև, թե ինչու կենսական օրգանների վնասվածքի պայմաններում առաջին վիրահատությունը կատարվել է ձեռքի շրջանում, ոչ թե որովայնում։ Այսինքն՝ կյանքի ցուցումով անհրաժեշտ վիրահատությունը չի կատարվել, փոխարենը վիրահատվել է ձեռքը։ Առաջին ատյանի դատարանը հենց այնպես չէր կայացրել արդարացման դատավճիռ»։
Անդրադառնալով Մանուկյանի առողջական վիճակին՝ Փոստանջյանը նշեց, որ նախկինում առկա առողջական խնդիրներին գումարվել են նաև ՔԿՀ պայմանները, որոնք ավելի են վատթարացրել նրա վիճակը։
«Քանի վիրահատություն է տարել։ Պարզ չէ՞, որ լավ չի լինելու։ Նա չի երիտասարդանում, այլ տարեցանում է, և առողջական խնդիրները պահպանվում են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումներին, ապա փաստաբանի խոսքով՝ դրանց հետ կապված ևս խնդիրներ են առաջացել։
«Պնդել են, թե բողոքը ներկայացվել է ժամկետի խախտմամբ։ Սակայն, քանի որ շուրջ 10 կիլոգրամ կշռող փաթեթի վրա նշված ստացման ժամկետների մասին տվյալները թափվել էին, փաստացի կորցրել էին ստացման օրը։ Դրա պատասխանն էլ կստանանք, իսկ նրանք, ովքեր կեղծել են, իրենց հերթին պատասխանատվության կենթարկվեն։ Այդ ամենը տեղի է ունեցել Ստրասբուրգում»,- նշեց Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021 թվականի հունիսի 24-ին հրապարակել էր «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, որով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ մահվան հիմքով, իսկ Պավել Մանուկյանը դատապարտվել էր 7 տարի 8 ամիս ազատազրկման։ Վարուժան Ավետիսյանը դատապարտվել էր 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝ 7 տարի 5 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 5 ամիս, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ազատազրկման։
Նշենք նաև, որ ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը, որի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման։
Իսկ Արմեն Բիլյանը, որին մեղսագրվում էր ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանի սպանությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էր և ճանաչվել անպարտ։ Միաժամանակ նա մեղավոր էր ճանաչվել զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու, պատանդ վերցնելու, հրազեն հափշտակելու, շորթման և առանձնապես խոշոր չափերով գողության համար և դատապարտվել 4 տարի 11 ամիս ազատազրկման։ Նա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ կիրառելով չհեռանալու մասին ստորագրությունը։
Սակայն 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Բեկթաշյանի և Ռուբիկ Մխիթարյանի մասնակցությամբ, մասնակի բավարարել էր դատախազի վերաքննիչ բողոքը՝ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչելով նաև սպանության համար և վերջնական պատիժ սահմանելով 25 տարվա ազատազրկում։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Բիլյանը կալանավորվել էր հենց դատական նիստերի դահլիճից։
Պաշտպանները վճռաբեկ բողոք էին ներկայացրել, սակայն այն վարույթ չէր ընդունվել, և դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի մայիսին, Պավել Մանուկյանը և մյուս դատապարտյալները տեղափոխվել էին քրեակատարողական հիմնարկ՝ ազատազրկման ձևով պատիժը կրելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան



















