Վերջին զգուշացումը Հայաստանին
- 18 hours ago
- 4 min read

Ռուսաստանը մտադիր չէ այլեւս դիվանագիտորեն ձեւացնել, թե Հայաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ սովորականի նման լավ է՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Օվերչուկը պետության ղեկավար չէ եւ ոչ էլ քաղաքական գործիչ, նա չի կարող կտրուկ հայտարարություններ իրեն թույլ տալ, նա տնտեսության մարդ է, բայց նույնիսկ դիվանագիտության եւ տնտեսության լեզվով նա մի քանի հիշեցում կամ զգուշացում է արել Հայաստանին, որոնք ուղղված են ոչ միայն իշխանությանը, այլեւ՝ հասարակությանը: Իշխանությունների հետ կապված ամեն ինչ պարզ է. նրանք խոսում են հայ-ռուսական հարաբերությունների բարելավման մասին, բայց անում են ճիշտ հակառակը` Հայաստանը դարձնում Ռուսաստանի դեմ թշնամաբար գործող երկիր, բայց հասարակությունը կարող է փոխել այդ իշխանությանը, եթե համաձայն չէ նրա կողմից վարվող քաղաքականությանը: Դրա համար է այս զգուշացումն արվում Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ: Օվերչուկն ընտրության առաջ կանգնած հայ հասարակությանը զգուշացնում է` դուք որոշեք, որովհետեւ ձեր ընտրության հետեւանքը զգալու եք դուք` ձեր կյանքի` բիզնեսի, եկամուտների եւ բարեկեցության մակարդակի վրա: Ինչի՞ մասին է զգուշացնում Օվերչուկը:
Խոսելով Մեղրիով անցնող ճանապարհի մասին՝ նա մանրամասն բացատրում է, որ Ռուսաստանն այդ երթուղու ապաշրջափակման համար իրենց միջնորդությունն էր առաջարկել, սակայն Հայաստանն ընտրեց ամերիկյանը, որը եթե անգամ գործի էլ, Հայաստանին որեւէ տնտեսական շահ չի ապահովելու:
«Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի ապաշրջափակումը, Ադրբեջանի 2 մասերի միջեւ հարմարավետ տրանսպորտային կապերի բացումը եւ Մեղրիի հատվածի վերականգնումը կարեւոր են ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ զարգացման համար: Առանց այս ճանապարհի, այնտեղ խաղաղություն չի լինի, բայց այն կարող է կառուցվել միայն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը հավասարակշռելով, եւ միայն Ռուսաստանի ներկայությունը կարող է ապահովել դա»: Միայն Ռուսաստանի ներկայության մասին հիշատակելը նշանակում է, որ Ռուսաստանն ամեն կերպ խոչընդոտելու է, որ այլ երկրների միջնորդությունը չաշխատի: Խոսքը ոչ միայն ինչ-որ ռեպրեսիվ մեթոդներով խոչընդոտելու մասին է, այլեւ այդ երթուղին տնտեսապես ոչ արդյունավետ դարձնելու: «Իրանում Թրամփի երթուղուն զուգահեռ ժամանակակից մայրուղու կառուցումը մոտենում է ավարտին: Ավելին, քննարկվում է երկաթուղու կառուցում, որը կանցնի Ադրբեջանից Նախիջեւան՝ Իրանի տարածքով, Մեղրիի հատվածին զուգահեռ: Ի դեպ, միջազգային փորձագետների կարծիքով, ավելի հավանական է, որ չինական եւ ռուսական բեռները կանցնեն Իրանով, քան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքով, ինչը նշանակում է, որ բեռների հոսքի մեծ մասը, նույնիսկ այդ 42 կիլոմետրի համար, հավանաբար, ընդհանրապես չի մտնի Հայաստան»։ Օվերչուկի ասածն այն է, որ Ռուսաստանն իր բեռները տեղափոխելու համար կնախընտրի Իրանի տարածքով անցնող ճանապարհը, բայց ոչ Հայաստանի տարածքով անցնողը, նույնը` Չինաստանը, որն Իրանին է համարում դաշնակից երկիր եւ ոչ թե ԱՄՆ-ին:
Օվերչուկը զգուշացնում է, որ եթե Հայաստանը խզի «Ռուսական երկաթուղիների» հետ կոնցեսիոն պայմանագիրը եւ հայկական երկաթուղին կառավարման տա այլ երկրի, չի կարողանա օգտվել ռուսական երկաթուղուց:
«Կոնցեսիոն պայմանագրի վաճառքի առաջարկվող արդյունքում հայկական երկաթուղին ոչ միայն կկորցնի ռուսական բեռները, այլեւ, ամենայն հավանականությամբ, «Ռուսական երկաթուղիների» հետ փոխգործակցությունը»։ Սա նշանակում է, որ եթե հիմա Հայաստանը Ռուսաստանից` Ադրբեջանի եւ Վրաստանի երկաթուղին օգտագործելով, ստանում է ռուսական ցորեն, վառելիք, պարարտանյութեր եւ այլ ապրանքներ, ապա դրանից հետո դա այլեւս անհնար կլինի:
«Երկաթուղու կոնցեսիայի հետ կապված շրջադարձերում մենք տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության տրամաբանության մեջ, որը տանում է տնտեսական անկման եւ վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմաքաղաքական դաշինքին անդամակցության: Արդյո՞ք հայերը ցանկանում են դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված դաշինքի մաս, դա նրանց որոշելիք հարցն է: Մեզ համար պարզ է, որ նրանք պատրաստվում են դրան, ինչպես որ ակնհայտ են նման զարգացման երկարաժամկետ, ծանր հետեւանքները»։
Օվերչուկի այս խոսքերը նշանակում են, որ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի իշխանությունը գործում է դրսի թելադրանքով, եւ Հայաստանը վերածում են Ռուսաստանի դեմ թշնամի երկրի, թեեւ խոսքով փորձում են խաբել ու բարեկամ ձեւանալ, եւ խոստանում է դրա դիմաց ծանր հետեւանքներ: Նա մանրամասնում է, թե ինչ ծանր հետեւանքների մասին է խոսքը. «Իհարկե, ոմանք կպնդեն, որ Հայաստանն ունի եվրոպական հեռանկարներ, եւ ԵԱՏՄ-ի հետ կապերը միայն այնքան ժամանակ են պետք, մինչեւ ԵՄ-ի հետ առեւտուրը չփոխարինի ԵԱՏՄ-ի հետ առեւտրին։ Այնուամենայնիվ, եվրոպացիների հետաքրքրությունն արդեն նկատվել է հայկական ապրանքները եվրոպական շուկա ներմուծելու հարցում։ Վստահ եմ, որ հայ գործարարներն իրատեսորեն գնահատում են հայկական մրգերի եւ բանջարեղենի, հայկական հանքային ջրի եւ հայկական ալկոհոլի՝ եվրոպական շուկայում վաճառքի հեռանկարները։ Այս ոլորտներում աշխատողները, ինչպես նաեւ այդ ապրանքները տեղափոխողները նույնպես պետք է հաշվի առնեն սա»։ Ուզում եք գնալ Եվրոպա՞, ձեզ բարի ճանապարհ, բայց իմացեք, որ մենք մեր շուկան փակելու ենք հայկական մրգի, բանջարեղենի, հանքային ջրերի, ալկոհոլի եւ մյուս ապրանքների առաջ, եւ թող այդ ոլորտում զբաղվող գործարարները եւ շարքային աշխատողները մտածված ընտրություն անեն` ուզում են ԵՄ անդա՞մ դառնալ, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում, ուզում են գործազուրկի կարգավիճակում ունենալ առանց վիզա ԵՄ գնալու արտոնությո՞ւն:
Հայկական ընկերություններին Ռուսաստանում գործելու հնարավորությունից զրկելը Օվերչուկը կրկնում եւ հիմնավորում է մեկ այլ ձեւակերպմամբ. «Իրականությունն այն է, որ հայկական երկաթուղին, եթե այն գոյատեւի, կմնա սեփական տնտեսության կարիքները սպասարկող գիծ, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահագրգռվածությունն է` ավելացնել առեւտուրը Հայաստանի հետ, ինչպես տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, բայց եթե մեզ ասեն, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, փոխադարձության սկզբունքի հիման վրա, արդարացի է հարցնել. եթե ռուսական ընկերություններն ու ձեռնարկատերերը չեն կարող գործել եւ գումար վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ պետք է հայկական ընկերություններն ու ձեռնարկատերերը կարողանան գործել եւ գումար վաստակել Ռուսաստանում»։
Խնդիրն այն չէ, որ Օվերչուկը Հայաստանին կամ Հայաստանի իշխանությանն ինչ-որ բան է թելադրում կամ պարտադրում. նա ընդամենը ասում է` Հայաստանի հասարակությունը թող որոշի` առաջնորդվելու է Հայաստանի՞ տնտեսական շահերով, թե՞ արտաքին թելադրանքով, երկրում քաղաքականություն որոշողը հարյուր հազարավոր գյուղացիները, գործարարները, բեռնափոխադրողները, այդ ընկերություններում աշխատող վարորդները, բանվորներն ու ծառայողնե՞րն են եւ նրանց շահերը, թե՞ դրսից ֆինանսավորում ստացող եւ դրսի շահերը սպասարկող մի քանի տասնյակ կամ գուցե հարյուր արեւմտամետներն ու արեւմտասերները: Օվերչուկը հրապարակային ասել է այն, ինչ Նիկոլ Փաշինյանին փակ դռների հետեւում ասել է Վլադիմիր Պուտինը: Փաշինյանն իր ընտրությունը կատարել է, իսկ հայ հասարակությունն այդ ընտրությունը կանի երկու ամսից:



















