Արբելոան Չեմպիոնների լիգայում բացառիկ ռեկորդ է սահմանել
- Mar 18
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայում հասել է պատմական նվաճման՝ սահմանելով աննախադեպ ռեկորդ «արքայական» ակումբի պատմության մեջ:
Ինչպես հաղորդում է Opta Sport-ը, Արբելոան դարձել է «Ռեալի» առաջին մարզիչը, որը հաղթանակ է տոնել գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆում անցկացրած իր առաջին 4 հանդիպումներում։
Ավելին, իսպանացի մասնագետը դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին մարզիչը, ում հաջողվել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից դուրս թողնել Ժոզե Մոուրինյուին և Պեպ Գվարդիոլային՝ հաղթելով նրանց թիմերի դեմ կայացած բոլոր հանդիպումներում։ Ընդգծվում է, որ նախկինում Յուրգեն Կլոպին և Դիեգո Սիմեոնեին ևս հաջողվել էր պայքարից դուրս թողնել այս երկու անվանի մարզիչներին, սակայն նրանք չէին կարողացել հաղթել դիմակայության բոլոր խաղերում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլում մադրիդյան գրանդը երկու խաղում էլ պարտության էր մատնել «Բենֆիկային» (1-0, 2-1), իսկ 1/8 եզրափակիչում «սերուցքայինները» նույն վստահությամբ գերազանցեցին անգլիական «Մանչեսթեր Սիթիին» (3-0, 2-1):
Մրցաշարի քառորդ եզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Բավարիա» — «Ատալանտա» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 6-1 հաշվով։



















