Երեխաների սննդակարգն ի վիճակի է ազդել նրանց հոգեկան առողջության վրա. հետազոտություն
- May 9
- 1 min read

Ավելի հաճախ են միրգ և բանջարեղեն ուտող երեխաների շրջանում ավելի քիչ են նկատվում վարքագծային ներքին խնդիրներ, մասնավորապես՝ տագնապ, ճնշվածութուն և ինքնամփոփություն: Մինչդեռ նրանց շրջանում, ովքեր հաճախ են օգտագործում քաղցր և աղի ուտեստներ (սնեքներ), առաջանում են ավելի լուրջ դժվարություններ այսպես կոչված արտաքին դրսևորվող խնդիրների հետ, ներառյալ ագրեսիան և ուշադրության խանգարումները: Նման եզրակացությանեն հանգել նոր հետազոտություն անցկացրած գիտնականները:
Նորվեգիայի Ագդեր համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությունը, որը հրապարակվել է Nutrients հանդեսում, մատնանշում է սննդի և փոքր երեխաների հոգեկան առողջության միջև սերտ կապը:
«Հոգեկան առողջությանն առնչվող խնդիրներն ամբողջ աշխարհում ավելի տարածված են դառնում: Նման խնդիրների կանխարգելելի գործոնների հայտնաբերումը չափազանց կարևոր է և կբերի մեծագույն օգուտ, եթե դրանք հաջողվի հայտնաբերել վաղ մանկության տարիքում»,- գրում են հետազոտողները:
Նշվում է, որ հոգեկան առողջությունը հատկապես կարևոր է կյանքի վաղ տարիներին և վճռորոշ նշանակություն ունի հետագայում դպրոցական առաջադիմության, սոցիալական հմտությունների զարգացման և կրթություն ստանալու համար, որոնք էլ իրենց հերթին ազդում են մարդու առողջության և սոցիալ-տնտեսական վիճակի վրա ամբողջ կյանքի ընթացքում, գրում է Euronews-ը:
Ամբողջ աշխարհում հոգեկան առողջության խնդիրների աճի պայմաններում գիտնականներն ավելի ուշադիր են ուսումնասիրում սննդի, ապրելակերպի և սոցիալ-տնտեսական այլ գործոնների դերը, որոնք կարող են ձևավորել այդ միտումը:
Հետազոտողները վերլուծել են չորս տարեկան 363 երեխաների, ինչպես նաև նրանց մայրերի տվյալները, ովքեր մասնակցել են նորվեգական Early Food for Future Health նախագծին: Դա ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություն է, որն ուղղված է 6- 12 ամսական հասակում սննդակարգի բարելավմանը:
Պարզվել է, որ այն երեխաների շրջանում, ովքեր ավելի հաճախ են բանջարեղեն և միրգ կերել, ներքին խնդիրների մակարդակը (ճնշվածություն, տագնապի զգացողություն, ինքնամփոփություն) եղել է ավելի ցածր՝ անկախ մայրերի կրթությունից, ընտանիքի ֆինանսական դժվարություններից կամ մայրերի դեպրեսիայի և տագնապի ախտանիշների առկայությունից:
Միաժամանակ, քաղցր և աղի սնեքների ավելի հաճախակի օգտագործումը հանգեցնում է այսպես կոչված «acting-out» վարքագծի (արտաքին դրսևորվող ագրեսիվ կամ անհանգիստ վարք) ավելի հաճախակի դրսևորումների:



















