top of page

«Փաշինյանի արտասովոր հայտարարությունը, Ալիևի քննադատությունը և Պուտինի «տրամաբանական» առաջարկը». Euronews-ի ամփոփումը

  • 6 hours ago
  • 1 min read


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արտառոց խոստովանությամբ հայտարարել է, որ Ղարաբաղը Հայաստանի տարածքը չէ, իսկ ղարաբաղյան շարժումը որակել է որպես «ճակատագրական սխալ»։ Այժմ Երևանը խաղաղություն է կառուցում Ադրբեջանի հետ և վճռականորեն առաջ շարժվում դեպի Եվրամիություն, գրում է Euronews-ը։

«Այս հայտարարությամբ Փաշինյանը շոկի ենթարկեց հայ հասարակությանը թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում՝ փաստացի հերքելով Ղարաբաղի վերաբերյալ տասնամյակներ շարունակ ձևավորված ազգային նարատիվը։

Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը հնչեց Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան պատմական գագաթնաժողովներից մի քանի օր անց։ Այս հանդիպումներն ընդգծեցին Հայաստանի ուղերձն աշխարհին և հատկապես Ռուսաստանին՝ երկիրն այժմ վերջնականապես ընտրել է եվրոպամետ ուղին»,- նշում է պարբերականը։

Նշվում է, որ Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունների նախաշեմին Փաշինյանի այս արտառոց հայտարարությունն արտացոլում է նրա կառավարության որդեգրած պաշտոնական դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել է Հայաստանում նախընտրական շրջանում հակաադրբեջանական ուժերի հնարավոր ակտիվացման մասին՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Բաքուն հավատարիմ է նախկին հակառակորդի հետ խաղաղ ապագա կառուցելու մտադրությանը։

Ադրբեջանի նախագահը նաև քննադատել է «որոշ օտարերկրյա առաջնորդների», որոնք այսօր փորձում են «կեղծ հերոսների» դեր ստանձնել։ «Հիմա նրանք պնդում են, թե իբր Հայաստանը փրկել են մեզնից։ Մենք նպատակ չենք ունեցել կործանել Հայաստանը կամ զրկել նրան անկախությունից»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ «Հայաստանը մեզնից պաշտպանելու կարիք չկա։ Մենք արդեն հասել ենք այն ամենին, ինչին ձգտում էինք»։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի եվրոպամետ կողմնորոշումն ի վերջո ստիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոստովանել, թե «տրամաբանական» կլիներ, եթե Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ին անդամակցելու հարցով։

 
 
1/2128
bottom of page